Վրաստանի իշխանությունները խախտում են ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը: Այդ մասին ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Խորհուրդը փաստերով ներկայացրել է Չախալյանի դատաքննության ընթացքում կատարվող ապօրինությունները եւ արձանագրել, թե «կասկածի տակ է առնում վրացական իշխանությունների շարժառիթները, որոնք բացահայտորեն եւ նպատակաուղղված ոտնահարում են Վահագն Չախալյանի արդար դատաքննության իրավունքը եւ կոպտորեն խախտում են իրենց միջազգային պարտավորությունները»:

«Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհրդի մոտ օրինաչափ հարց է առաջանում Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայ բնակչության լեզվական, կրոնական, սոցիալ-մշակութային եւ կրթական իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքական պահանջների, որոնք առաջ էին քաշվում Վահագն Չախալյանի կողմից, եւ նրա նկատմամբ այսօր իրականացվող հաշվեհարդարի միջեւ: Արդյո՞ք Չախալյանին դատապարտելու միջոցով վրացական իշխանություններն իրենց առջեւ նպատակ են դրել տեւականորեն արմատախիլ անել Սամցխե-Ջավախքում ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդրով որեւէ հայկական պահանջատիրության ոգու դրսեւորում»,- նշում են հայտարարության հեղինակները եւ Վրաստանի իշխանություններին կոչ անում.

- Կասեցնել անարդար դատավարությունը եւ վերականգնել Վահագն Չախալյանի բոլոր իրավունքները.

- Չեղյալ հայտարարել օտարերկրյա փաստաբանների կողմից Վրաստանի քաղաքացիների պաշտպանությունն իրականացնելու հակասահմանադրական արգելքը.

- Հարգանք ցուցաբերել Վրաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող իրավական պարտավորությունների, այդ թվում` ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին պակտի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ:

- Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի բոլոր հատուկ պահանջները, որի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր գործի անկախ ու անաչառ քննության, մեղադրական եւ պաշտպանական կողմից հավասարության պայմաններում արդարացի և հրապարակային դատավարության:

Հիշեցնենք, որ ""Միասնական Ջավախք" ժողովրդավարական դաշինք" քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի քաղաքական ակտիվիստներից է: Նա ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանը դատապարտել նրան է 10 տարվա ազատազրկման: