Այսօր՝ հուլիսի 9-ին, Իրանում Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, ուշացումով, անդրադարձել է Սպահանի Սրբ. Ամենափրկիչ վանքից սրբապատկերների թալանման փաստին: Թեմական խորհուրդը հանդես եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ուր ասվում է.

«Սպահանի հայոց Թեմական խորհուրդը մեր ժողովրդին հայտնում է, որ տեղեկացել է, որ Անգլիայում աճուրդի են դրվել Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչության էջեր։

Անմիջապէս կապվել ենք մեզ վստահած մասնագետ անձանց հետ՝ ավելի մոտիկից ստուգելու հարցը եւ մեզ տեղյակ պահելու, որպեսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք։

Առ այդ՝ հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում էինք՝ հանցագործին ի հայտ բերելու՝ գործընթացը չվնասելու նպատակով, եւ ներկա փուլում ստուգվում են հանգամանքները՝ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով։

Դիմում ենք մեր ժողովրդին, որ անհիմն մեկնաբանություններից խուսափեն եւ վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները առաջնորդ Սրբազան Հոր գլխավորությամբ նախանձախնդիր են եւ այս հարցը հետապնդելու են մինչեւ բարվոք լուծում»։

Այս հաղորդագրության հետ կապված Թեհրանի «Արաքս» թերթը գրում է.

«Իհարկե, հայկական առածն ասում է «Լավ է ուշ, քան երբեք», բայց հիմնական հարցը անհասկանալիորեն մնում է չպատասխանված: Ինչու Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը չի հստակեցնում, թե երբ իրականացել թալանը եւ եթե մամուլը չբարձրացներ թալանված սրբապատկերների լուրը, ապա երբ էր խոսելու այս մասին:

Իսկ ինչ նորություն կա այս հաղորդագրության մեջ: Այստեղ բերված է «աճուրդ» բառը, որը չի օգտագործվել «Արաքս»-ի եւ հայկական այլ լրատվամիջոցների կողմից, ինչն ապացուցում է, որ հարցերը ավելի զարգացած են քան մամուլում արծարծվածը: Այդ դեպքում հնարավոր էր Ինտերպոլի միջոցով հարցը շատ արագ լուծել: Սակայն մյուս կողմից հաղորդագրության ոճը ենթադրել է տալիս, որ ցայժմ հարցի մասին չի տեղեկացվել ոստիկանությունը եւ թվում է, որ Թեմական խորհուրդը իր սեփական միջոցներով է փորձում հարցը փակել: Ու նաեւ, որ երկու հանցագործի հարց չկա, ինչպես գրել էր մամուլը, այլ միայն մի, որի առնչությամբ ՍՀԹ Թեմական խորհուրդը վստահեցնում է. «Առ այդ՝ խորհրդապահական ձեւով հետապնդում էինք՝ յանցագործին ի յայտ բերելու՝ գործընթացը չվնասելու նպատակով, եւ ներկայ փուլում ստուգւում են հանգամանքները՝ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով»։

Ավելացնենք նաեւ, որ վերոնշյալ հաղորդագրության հեղինակները աշխատել են հանցագործին «խորհրդապահական ձեւով» հետապնդելու անհիմն բացատրությամբ արդարացնել իրենց` Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդի, երկար եւ անհասկանալի լռությունը եւ ինչու չէ նաեւ մեղսակցությունն այս գործում:

Վերջում, մեր կողմից ուզում ենք շեշտել, որ ամենայն անկեղծությամբ հավատում ենք, որ Սրբազան Հայրը իր կարելին կանի սրբապատկերների վերադարձնելու համար: Դրանով հանդերձ կարծում ենք՝ հանցագործությունը պարզելու  բանալին նախեւառաջ ոստիկանության մոտ պիտի փնտրել եւ ոչ թե «խորհրդապահական» անբացատրելի գործունեությամբ»: