Եթե ՀՅԴ-ն ցանկանա, ինքն էլ կարող է երկխոսության գործընթաց սկսել իշխանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանն ու հավելեց, որ իրենք նորմալ, առանց խանդի են վերաբերում ՀՀ իշխանությունների կողմից աշխատանքային խումբ ձեւավորելուն, որը պետք է բանակցի Հայ ազգային կոնգրեսի հետ::

«Այդ երկխոսության արդյունքները կերեւան, երբ տեսնենք, թե ինչի շուրջ են բանակցում կողմերը: Եթե նրանք պիտի նստեն եւ երկրի համար կարեւոր բաներ որոշեն` իրար ականջի փսփսալով, ապա դա կլինի անընդունելի երեւույթ: Իսկ եթե պիտի իրար հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ լուծեն, ապա թող լուծեն, ավելի լավ»,-հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Նրա խոսքով` այս պահին վաղ է խոսել երկխոսության հեռանկարների մասին, քանի որ չի բացառվում, որ դա սոսկ ֆորմալ բնույթ է կրելու:

«Ես չեմ հասկանում, կոալիցիայի ներկայացուցիչներն այս պահին գործնական ի՞նչ խնդիր ունեն լուծելու ՀԱԿ-ի հետ: Նրանք ի՞նչ իրավասությամբ են օժտված. կառավարությո՞ւն են, դատական մարմի՞ն են, ի՞նչ են, որ նստեն, միմյանց հետ բանակցեն»,-տարակուսեց Շահբազյանը:

Դիտարկմանը, թե  Դաշնակցությունը խանդո՞ւմ է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ՀՅԴ-ական պատգամավորը կտրուկ արձագանքեց, թե` ոչ, ամենեւին: «Եթե ուզենայինք, կհամագործակցեինք իշխանությունների հետ, չէ՞ որ մեզ դուրս չեն հանել, մենք մեր ոտքով ենք դուրս եկել կոալիցիայից: Եթե ուզենանք, այսօր էլ կարող ենք երկխոսության գործընթաց սկսել կամ առաջարկել: Մինչեւ այսօր իշխանությունը հայտարարում է, թե մենք իրար հետ ենք, խնդիր չունենք: Է, ի՞նչ ա եղել, եթե էն կողմը` իշխանությունը, պատրաստակամություն է հայտնում, մենք էլ, ցանկության դեպքում կարող ենք նրանց հետ մեր հարաբերությունները ուրիշ մակարդակի վրա կառուցել»,-հայտարարեց պատգամավորը: 

Նա նաեւ նշեց, որ իշխանությունների հետ համագործակցությունն, իր պատկերացմամբ, պետք է լինի «կոնկրետ հարցերի շուրջ, հրապարակային, ներկայացուցչական ձեւով, որին մասնակից լինեն նաեւ իրավասու այլ ուժեր»: 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հուլիսի 9-ին, պատասխանելով NEWS.am-ի հարցին, հայտարարել է,  որ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, եւ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում: