Կրթված է համարվում այն հասարակությունը, որը տարվա ընթացքում ավելի շատ նորարարություններ է կարողանում գրանցել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր` հուլիսի 9-ին Ծաղկաձորում հուլիսի 3-ին մեկնարկած «Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցի փակման արարողության ժամանակ: Կառավարության ղեկավարը հանդիպել է շուրջ 15 երկրի ավելի քան 100 ուսանող-ներկայացուցիչների, պատասխանել է նրանց հարցերին։
«Հայաստանում մենք ունեինք պետական եւ մասնավոր համալսարաններ, որոնց թիվը հասնում էր 100-ի, բայց կրթության որակի տեսանկյունից դրանք չէին համապատասխանում տարրական չափանիշներին։ Կրթական բարեփոխումների շրջանակում մեր առաջին քայլը խիստ չափանիշների սահմանումն էր։ Այս պայմանները ներառում են ինչպես տարածք, ենթակառուցվածքներ, այնպես էլ որակյալ դասախոսական կազմ ունենալու հարցեր։ Նման պարագայում խնդիր է առաջանում. եթե նման չափանիշներով համալսարաններ հայտնվեն շուկայում, ինչպիսի՞ մրցակցություն պետք է լինի նրանց միջեւ։ Մենք ասում ենք, որ մրցակցությունը պետք է լինի արդար եւ ազնիվ։ Պետությունն էլ իր պահվածքով իրավունք չունի շուկայական շեղումներ մտցնել այդ գործընթացում` ֆինանսական «ներարկումը» դարձնելով արդար ու ազնիվ»,- ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքով` հավատարմագրող այդ սուբյեկտը պետք է ունենա համապատասխան կարողություններ` գործընթացը կազմակերպելու համար։ «Իսկ հավատարմագրում կնշանակի, որ այդ համալսարանները ունեն բարձր որակներ։ Հավատարմագրված համալսարանները ազդակ են ապագա ուսանողների համար` լավագույն բուհերի միջեւ ընտրություն կատարելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը հատկանշական է համարել ուսանողների դերն ու նշանակությունը, շեշտելով, որ այդ պատճառով է կարեւորվում նման միջոցառումների անցկացումը։ Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ նման դպրոցների կազմակերպումը Հայաստանի կողմից շարունակական բնույթ է կրելու։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Բոլոնիայի գործընթացը համանախագահում են Հայաստանը եւ Լեհաստանը։




























