Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանն այսօր` հուլիսի 11-ին, Գարեգին Բ-ի մասնակցությամբ բարեգործական ճաշարան է բացվել:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր Աթոռի հովանու ներքո գործող հերթական այս բարեգործական ճաշարանը` հովանավորությամբ հայորդյաց տան բարերարներ Հրաչ եւ Սյուզան Թուֆայանների, ամեն օր սպասարկելու է 200 սոցիալապես անապահով, կարիքավոր անձանց:

Ճաշարանից օգտվողների անունից շնորհակալական խոսք ասաց Անահիտ Գրիգորյանը:

Նշենք, որ Վաղարշապատ քաղաքում տարիներ շարունակ գործող բարեգործական ճաշարանի գործունեությունը դադարեցվել էր անբարենպաստ պայմանների պատճառով:

Օրհնության խոսքից հետո Գարեգին Բ-ն, փոխնախարար Ջ. Բաղդասարյանը եւ Մայր Աթոռի միաբանները բարեգործական ճաշարանից օգտվողների հետ միասին ճաշել են:

Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության աշխատակիցներ, ճաշարանից օգտվող տարեցներ: