Համաձայն գիտական ուումնասիրությունների, Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպները կառուցվել են մյուս շինությունների հետ միաժամանակ` 13-րդ դարում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից:
«Չի բացառվում 17-րդ դարում դրանք վերանորոգման ենթարկելու իրողությունը: Շրջապարիսպների մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաեւ հետագայում` սկսած 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարի վերջը` պաշտպանելով հուշարձանի պատմականորեն ձեւավորված նախնական տեսքը:
Գանձասարի վանքի բոլոր կառույցները կազմում են միասնական համալիր եւ տարանջատելի չեն: Վանքի այս կամ այն հատվածները որպես նորագույն ժամանակաշրջանի եւ պատմական արժեք չունեցող կառույցներ ներկայացնելու որոշ լրատվամիջոցների փորձերը տարօրինակ են, անհիմն եւ վնասակար: Պատմական փաստերի եւ նախնյաց ճարտարապետության խեղաթյուրումները, անկախ նպատակից, անընդունելի են»,- ասված է ԼՂՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Facebook սոցիալական ցանցում տեղադրվել են լուսանկարներ, որոնք պատկերում են հայկական ճարտարապետության գոհարներից մեկի՝ Արցախում գտնվող 13-րդ դարի Գանձասարի նշանավոր վանական համալիրի պարիսպների այլանդակումը մարմարե սալիկներով:
Նշենք, որ պարսպի սալիկապատումն իրականացվում է մոսկվաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանի կողմից, սակայն ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը հայտարարել է, որ իրենց վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետեւ «այն կվնասի պատմական միջավայրին»:
«Կո՛չ ենք անում մոսկվայաբնակ հայ գործարարին հրահանգել շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաեւ զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը»,- ասված է «Չենք լռելու» նախաձեռնության հայտարարության մեջ:




























