Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն առաջարկել է 5 դատապարտյալների ազատ արձակել` նրանց առողջական խնդիրներից ելնելով:

Այս առնչությամբ դիտորդների խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է.

«2011 թվականի հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող 5 դատապարտյալների`

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկից` Լեյլի Վասիլի Չոփինյանի, Ռուզաննա Սուրենի Մանուկյանի, Ամալյա Մաքսիմի Մնացականյանի, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից`Արմեն Թաքվորյանի, Հովհաննես Դոխոլյանի` պատժի կրումից ազատման հարցով:

Ի դեպ, բժշկական  առողջապահական հանձնաժողովի /ԲԱՀ/ կողմից հաստատվել է այդ դատապարտյալների հիվանդությունների բժշկական ախտորոշումները, սակայն, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ընթացակարգը հստակեցված չէ, հիվանդների ազատ արձակման խնդիրը ձգձգվում է անորոշ ժամանակով: 

Մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որեւէ պատասխան խումբը չի ստացել, այդ պատճառով, համաձայն  ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման Կարգի 13-րդ կետի հրապարակվում է խմբի  հրատապ հաշվետվությունը, միաժամանակ  վերստին պահանջելով ՀՀ արդարադատության նախարարից հրատապ լուծելու դատապարտյալներին պատժից ազատելու խնդիրը, քանի որ նրանց պատժի հետագա կրումը գնահատում ենք որպես դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք»: