Համաշխարհային բանկը շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակականությամբ: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, վարչապետը հյուրին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու խոսել է մեր երկրի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության եւ ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների մասին:

Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունն իրականացնում է ընդլայնողական քաղաքականություն եւ առանձնակի ուշադրություն է դարձնում հակաճգնաժամային բովանդակություն ունեցող քայլերին՝ լիովին կատարելով ստանձնած սոցիալական պարտավորությունները:

Համաշխարհային բանկի տնօրեն-կառավարիչը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ու դրանց իրականացման վերաբերյալ, եւ նշել, որ Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներն ու Համաշխարհային բանկ-Հայաստան հարաբերությունները համագործակցության լավ օրինակ են, եւ այդ օրինակը նա հաճախ ներկայացնում է այլ երկրներում` որպես հաջող գործակցության բանաձեւ:

«Հայաստանը լավագույններից մեկն է՝ խնդիրներին օպերատիվ արձագանքելու առումով, եւ այս հանգամանքը Համաշխարհային բանկի հետ հարաբերություններում համարվում է կարեւոր բաղադրիչ»,- նշել է ՀԲ տնօրենը եւ հավելել, թե չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է, Հայաստանը ճիշտ է արձագանքել դրան: