Գավառի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարելով Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը՝ կալանավորեց «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։
NEWS.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանի պաշտպան Բակուր Օհանյանը պնդեց, որ քննիչի այդ միջնորդությունը ապօրինի էր։
Պաշտպանն ասաց, որ երկուշաբթի օրը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացնեն։
Մեզ հետ զրույցում «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ թիմակցի՝ կալանավորվելու որոշման դեմ բողոքի ակցիաներ առայժմ տեղի չեն ունենա՝ սահմանային լարվածությունը հաշվի առնելով։
Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, 2004թ. մարտից մինչեւ 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, իսկ 2017թ. նոյեմբերից մինչեւ 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարը, կատարել է մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ պաշտոնյան, նպատակադրվելով ակնհայտ կեղծ տվյալների օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ գումարներ հափշտակել, կազմակերպել եւ խմբի կազմում իրագործել է պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն, մշակել միասնական պլան՝ ներգրավելով նաեւ նույն գործակալության երկու աշխատակիցների:
Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 231 մլն ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը, նախապես տեղեկանալով Վարդենիս քաղաքի երկու բնակչի կողմից ընդհանուր օգտագործման համար նախատեսված զբոսայգու տարածքն ապօրինի զավթելու եւ հասարակական կառուցապատման համար չնախատեսված վայրում առանց շինարարական թույլտվության սրճարաններ կառուցելու մտադրության մասին, բանավոր համաձայնություն է տվել վերջիններիս գործողություններին, որեւէ միջոց չի ձեռնարկել՝ ապօրինի հողօգտագործումը եւ ինքնակամ շինությունների կառուցումը օրենքով սահմանված կարգով կանխարգելելու, դրանց հետեւանքները վերացնելու եւ քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ՝ այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքին:
Նախաքննության ընթացքում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության հիշյալ երկու աշխատակիցներն ընդունել են շուրջ 231 942 500 ՀՀ դրամ գումարի հափշտակության փաստը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով(երկու դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:





























