Իրենց ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակման եւ դրանք վերադարձնելու դիմաց իրենցից գումար պահանջելու դեպքերի առթիվ քաղաքացիներից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր բաժիններում ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել են քրեական գործեր եւ նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին եւ միացվել մեկ վարույթում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Մ. Բ.-ն, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ա Ա.-ի հետ, խմբի կազմում 2021թ. հունիս ամսին, տարբեր օրերի եւ ժամերի Մ. Բ.-ի կողմից շահագործվող «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայով շրջելով Երեւան քաղաքի եւ Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 150.00-ից 1.500.000 ՀՀ դրամ արժողության թվով 8 զույգ համարանիշերը: Օգտվելով ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշերի կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտամադրելու հանգամանքից՝ նրանք մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ համարներն իրենց մոտ լինելու եւ վերադարձնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցի կոնկրետ հասցեով կապ հաստատելու վերաբերյալ: Միաժամանակ, համարանիշերը վերադարձնելու համար նրանք պահանջել են համապատասխանաբար՝  30.000-ից մինչեւ 150.000ՀՀ դրամ գումարներ փոխանցել իրենց կողմից ուղարկված կրիպտոհաշվին՝ սպառնալով չհամաձայնվելու եւ գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվող նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակացությամբ Ա. Ա.-ին եւ Մ. Բ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք:

Միջնոդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Ա.-ին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Մ. Բ.-ն ձերբակալվել է եւ նրան նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան:

Նախաքննությունը շարունակվում է: