Շուշիում հուլիսի 15-29-ին կանցկացվի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումն` ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործի: Այսօրինակ հավաք Արցախի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ: Անդրանիկ այս հավաքին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովաննելլին, Մադդալենա Ջովաննելլին, Լուիզա Մորոնին, քանդակագործներ, նկարիչներ (թվով 22): Սիմպոզիումին պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջեռարդո Լո Ռուսսոն:
Հավաքի առանցքն` ի թիվս դասախոսությունների, վարպետության դասերի, ցուցահանդեսների եւ կինոդիտումների հագեցած ժամանակացույցի, քանդակների ստեղծումն է, որի արդյունքում մասնակից 15 արվեստագետներից յուրաքանչյուրը ազատ թեմայով կկերտի իր քանդակը շուշվա կրաքարից` այն նվիրելով քաղաքին: Նյութի ընտրությունը խորհրդանշական է այն առումով, որ հենց այդ քարից է կառուցված Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին:
Գաղափարի հեղինակ մաեստրո Վիգեն Ավետիսի բնորոշմամ. «15 քանդակ ամեն տարի եւ 10 տարի անց Շուշին կզարդարի արվեստի 150 աշխատանք` այն վերածելով իրական թանգարանի բաց երկնքի տակ»:
Որպես ամենամյա նախաձեռնության անդրանիկ հավաք, սիմպոզիումը կոչված է քանդակագործների համար դառնալու համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության, ստեղծագործական ոգեշնչման հարթակ: Այն նաեւ կոչված է նպաստելու Արցախի միջազգային հեղինակության բարձրացմանը արվեստի միջոցով, վերականգնելու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավն ու կարգավիճակը:
Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերենով, իտալերենով ու անգլերենով ներկայացվող ծավալուն կատալոգում` արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ:
Ստեղծագործական ողջ ընթացքը կվավերացվի իտալական (Studio Quagli) «Ստուդիո կալիի» կողմից ստեղծվող վավերագրական ֆիլմում, որտեղ նաեւ անդրադարձ կլինի Հայաստանի, Արցախի ու Արեւմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Ֆիլմը կցուցադրվի իտալական «Ռայ 1» (Rai 1) հեռուստատեսությամբ:
Հունիսի 16-ին իտալացի արվեստագետներին կընդունի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հյուրերը կայցելեն ՀՀ մշակույթի նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, «Նարեկացի» արվեստի միություն: Կցուցադրվի ֆիլմ` «Մեկ քանդակի պատմություն»:
Դասախոսության մուտքը ցանկացողների համար ազատ է:




























