Հայաստանի կառավարության եւ Warley Parsons միջազգային կոնսորցիումի միջեւ հունիսի վերջին ստորագրված 459.7 միլիոն դոլարի պայմանագրով էներգետիկ եւ ենթակառուցվածքների ոլորտներում տարբեր ծառայություններ մատուցող այս ավստրալական ընկերությունը ստանձնել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարումը։ Նախանշված գումարից մոտ 500 հազար դոլարը վճարվելու է պետբյուջեից՝ խորհրդատվության համար։ Մնացած մասը կձեւավորվի շահագրգիռ ներդրողների միջոցներով։
Պայմանագիրն իրականացվելու է 4 փուլով։ Առաջին երկու փուլերը մեկնարկելու են այս տարի։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով, Warley Parsons-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո, ավստրալական ընկերությունը պետք է ներկայացնի կայանի ամբողջ դիզայնը, թե ինչ հանգույցներով դա պետք է կահավորված լինի եւ տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման համար ֆինանսական ներդրումներին, ապա, ըստ նախարարի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների ավարտից հետո նոր կհայտարարվի համապատասխան մրցույթ ֆինանսավորման վերաբերյալ։
Նոր կառուցվելիք ատոմակայանն ունենալու է 1200 մեգավատ հզորություն եւ ըստ պատկան մարմինների` համապատասխանելու է անվտանգության միջազգային չափանիշներին։ Նոր կայանի շահագործման ժամկետը 60 տարի է։ Կայանի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների կպահանջվի 5-ից 7.2 միլիարդ դոլար։ Այն պետք է շահագործման հանձնվի մինչեւ 2017 թվականը։ Հաղորդում է «Ազատություն»-ը:



















