Ծաղկաձորում հուլիսի 7-9-ը գումարվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովը: Հավաքի ավարտին` հուլիսի 10-ին, ՀԵՀԵԿ 150 պատվիրակները, որոնք ներկայացնում էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կ. Պոլսի պատրիարքությունների, Հայ Եկեղեցու 35 թեմերի եւ 6 հովվությունների երիտասարդական կազմակերպությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են ուխտի Ս. Պատարագին:
Ս. Պատարագի ավարտին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանները, ՀԵՀԵԿ պատգամավորները եւ բազում ուխտավորներ:
Նույն օրը ՀԵՀԵԿ ժողովի մասնակիցների համար Մայր Աթոռում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել երիտասարդներին: Նորին Սրբությունը հորդորել է նրանց ոգեւորությամբ, խանդավառությամբ ու նախանձախնդրությամբ իրենց մասնակցությունը եւ ներդրումը բերել իրենց համայնքների կյանքում, որպեսզի հայ կյանքը լինի աշխույժ, հայ համայնքը լինի ավելի կենսունակ եւ գործունյա, իսկ հայորդիները աշխարհասփյուռ համայնքներում լինեն ավելի նախանձախնդիր իրենց ազգային արժեքների, ինքնության պահպանության գործի մեջ:




























