Երեւանում մեկնարկել է դեռահասների առողջությանը եւ զարգացմանը նվիրված ազգային խորհրդաժողովը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առողջապահության ոլորտի, շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի գործակալությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկացուցիչներ, փորձագետներ, բժիշկներ:

Ելույթ ունենալով խորհրդաժողովի ժամանակ` առողջապահության նախարարը կարեւորել է դեռահասների առողջ ապրելակերպը եւ դրան միտված ջանքերը: ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի մեր երեխաներին մոտեցնենք առողջ ապրելակերպին, առողջ մշակութային կյանքին: Հարություն Քուշկյանը հույս է հայտնել, որ հետագա քայլերը երեխաներին հնարավորություն կտան հեռու մնալ վատ սովորույթներից, որոնք կյանքի ընթացքում հանգեցնում են տարբեր հիվանդությունների: Նախարարն առաջարկել է ազնիվ քննարկում սկսել եւ ռեալ մտածել, թե ինչ կարելի է անել, որպեսզի առաջընթաց ունենանք դպրոցահասկան երեխաների եւ դեռահասների առողջական խնդիրները լուծելու, նրանց առողջությունը պահպանելու համար:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ իր հերթին նշել է, որ դեռահասները համարվում են հասարակության ամենաառողջ հատվածը, հիվանդացությունը նրանց մոտ ամենացածրն է, բայց մյուս կողմից դեռահասներն ամենավտանագավոր հատվածն են, քանի որ նրանք այնպիսի վատ սովորույթներ կարող են ձեռք բերել, որոնք հետագայում կբերեն բարդությունների:

Սխալ ապրելակերպը, ոչ ճիշտ սնունդը, ալկոհոլի չարաշահումը, Արա Բաբլոյանի խոսքով, կարող է ավելի մեծ տարիքում լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վաղ տարիքում իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ, կրթադաստիարակչական ծրագրեր դեռահասների հետ հետագա բարդություններից խուսափելու համար: