«La Galeria» բրենդային հագուստի խանութների ցանցը վաճառքի սրահները վերածել է արդի արվեստի ցուցահանդեսի։ Հայաստանում սա առաջին փորձն է, որ հագուստի վաճառքի սրահներում ցուցահանդես է բացվում։ «Նորաձեւությունը առաջին հերթին արվեստ է, իսկ լյուքս բրենդների յուրաքանչյուր հագուստի նմուշ դիզայները ստեղծում է, ինչպես նկարիչն իր կտավը, կամ քանդակագործը՝ քանդակը։ Արտասահմանում այս կարգի ցուցահանդեսները գործում են վաղուց։ Մենք պարզապես փորձում ենք Հայաստանում եւս նման միջոցառումներով մատնանշել, որ որոշ հագուստներ, ավելի են, քան պարզապես հանդերձանքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «La Galeria» խանութների ցանցի սեփականատեր «Gritti» ընկերության մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի մենեջեր Արմինե Թադեւոսյանը:

Ըստ նրա՝ խանութների ցանցում միշտ գործելու են տարբեր տեսակի ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսների բովանդակությունը կապված կլինի տարվա կարգախոսի հետ։ «Օրինակ այս տարվա կարգախոսն է «Քո արվեստի ներքո», այդ պատճառով ընտրությունը կանգ առավ նորարարական արվեստի ցուցահանդեսի վրա, հաջորդ տարի ցուցահանդես կլինի, սակայն բովանդակության մասին դեռ չեմ կարող տեղեկացնել»,- եզրափակեց Թադեւոսյանը։

Նշենք, որ «La Galeria»-ում ներկայացված են Christian Dior, Yves Saint Laurent, Alexander Mcqueen եւ այլ լյուքս բրենդեր, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են, որպես թանկարժեք եւ էքսկլուզիվ հագուստ։

Տեղեկացնենք, որ արդի «La Galeria»-ի սրահներում բացված արդի արվեստի ցուցահանդեսում ներկայացված են նկարչուհի Թենի Վարդանյանի, քանդակագործներ Արա Ալեքյանի եւ Սպարտակ Գեւորգյանի աշխատանքները։ Ակցիան կազմակերպվել է «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամի հետ, ի դեմս՝ Արմինե Անտիկյանի։