Ուղեւորությունները Ռուսաստան եւ ռուս գործընկերների հետ հանդիպումը լավ պրակտիկա եւ փորձ է սկսնակ հայ մասնագետների համար: Այս մասին դեկտեմբերի 13-ին «Նոր սերունդ-2021» ֆորումի ժամանակ ասաց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նա նաեւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում կկարողանա անձամբ շփվել հայ գործընկերների հետ։ 

Պրիմակովը հիշեցրեց, որ այս տարի «Նոր սերունդ» ծրագիրը կնշի իր 10-ամյակը, եւ Հայաստանը ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից է։ «Ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է երիտասարդների ուղեւորություններ դեպի Ռուսաստան։ Երիտասարդ մասնագետների ուղեւորություններն իրականացվում են կամ անմիջապես «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից կամ գործընկեր կազմակերպությունների միջոցով, ինչպիսին Գորչակովի հիմնադրամն է: Տարբեր ոլորտների մասնագետներ հանդիպում են Ռուսաստանից գործընկերների հետ եւ համատեղ հետազոտական ​​աշխատանքներ են իրականացնում։ Այսպիսով, ուղեւորություններն ու հանդիպումները չեն սահմանափակվում միայն զբոսաշրջությամբ, թեեւ, իհարկե, հետաքրքիր եւ հաճելի է այցելել Ռուսաստան»,-ասաց նա։

Պրիմակովը նաեւ նշեց, որ երկօրյա համաժողովի ընթացքում կներկայացվեն սկսնակ մասնագետների եւ ուսանողների նախագծերը, այդ թվում՝ նախագծերը, որոնք կազմվել են ռուսական կողմի հետ համատեղ։