Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ գիտնական-անդամ Լիպարիտ Մելիքջանյանին։

Սահակյանն ասաց, որ Մելիքջանյանն ընտրվել է նախկին քաղաքական ուժի կողմից՝ ընդդիմության ներգրավմամբ, ըստ նրա՝ բոլոր գիտնականներն անհասկանալի պայմաններում հրաժարականներ են տվել.

«Մենք կարծում ենք՝ նա հատուկ հատկանիշներով օժտված չէ եւ միակ բացատրությունը մեզ համար դա նոր քաղաքական ուժի խաղի կանոնները ընդունելն է։ Մելիքջանյանը եղել է «Ելք» քաղաքական թիմի անդամ, պառլամետնական ընտրություններում նրա անունը եղել է քաղաքական ուժի ցուցակում։ Այս ընթացքում սերտորեն առնչվել է «Իմ քայլը» քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Պարզվում է, որ նրանք դեռեւս դպրոցական տարիներից են ձեւավորել ընկերական հարաբերություններ եւ այդ հարաբերություններն ունեն նաեւ մտերմիկության որոշակի աստիճան»։

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնելուն դատավոր Մելիքջանյանը կարող է ունենալ սուբյեկտիվ վերաբերմունք։

Բարձրագույն դատական խորհուրդը լսելով կողմերի կարծիքները՝ հեռացավ խորհրդակցական սենյակ, որից հետո մերժեց Սահակյանի միջնորդությունը։

Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հերթին հավելեց. «Մելիքջանյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույն դպրոցում չեն սովորել, նույն դասարանում չեն սովորել»։

Նշենք, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա է դատավոր Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին մեկ այլ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացրեց, որով դատավոր Նախշքարյանին խիստ նկատողություն հայտարարվեց։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով ինքնաբացարկ չհայտնելն էր։