Գերմանիան նոր կառավարության օրոք չի նախատեսում դառնալ միջուկային տերություններից մեկը, բայց միեւնույն ժամանակ կպահպանի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցն» ծրագրին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր բոլորիս նպատակը առանց միջուկային զենքի աշխարհն է»,- ասել է Բերբոքը՝ օրինակ բերելով իր երկիրը, որը «երբեք չի եղել եւ չի ցանկանա միջուկային տերություն դառնալ»: Նախարարն իր խնդիրներից մեկը համարում է միջուկային զինաթափման ոլորտում կոնկրետ միջազգային համաձայնագրերի ձեռքբերմանը նպաստելը։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Բեռլինը «ոչ մի կերպ կասկածի տակ չի դնում ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամ «միջուկային հովանոց» ծրագրին մասնակցելու պարտավորությունը, որը նախատեսում է միջուկային զենքի տեղակայում Գերմանիայի տարածքում։
Գերմանիայի տարածքում միջուկային մարտագլխիկների ստույգ քանակն անհայտ է, սակայն փորձագետների գնահատմամբ՝ դրանք մոտ 20 միավոր են (B61 տեսակի ջրածնային ռումբեր):



























