Ավելի քան 4 մլն մարդ աշխարհում անցած շաբաթ վարակվել է կորոնավիրուսային վարակով, մոտ 47 հազարը մահացել է։ Չորեքշաբթի այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), վարակման նոր դեպքերի թիվը նվազել է 5 տոկոսով, իսկ մահվան ելքով դեպքերինը՝ 10 տոկոսով նախորդ յոթ օրերի համեմատ։

«Ինչպես վարակման նոր դեպքերի, այնպես էլ մահերի թիվը անցած շաբաթ նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 5 եւ 10 տոկոսով՝ համապատասխանաբար»,- ասվում է ԱՀԿ համաճարակաբանական տեղեկագրում։ Համաձայն փաստաթղթում նշված վիճակագրության՝ դեկտեմբերի 6-12-ը հայտնաբերվել է 4 000 817 վարակված, գրանցվել է 46 961 մահվան դեպք։

Եվրոպային բաժին է ընկնում յոթ օրում գրանցված վարակման դեպքերի 65 եւ մահերի 60 տոկոսը. նշվում է 7 տոկոսով հիվանդացության նվազման մասին, մահացությունը կրճատվել է 3 տոկոսով։ Հիվանդացության զգալի աճ է գրանցվել Աֆրիկայում (111 տոկոս)։ Միեւնույն ժամանակ, անցած շաբաթ նկատելիորեն քիչ են վարակման դեպքերն Ամերիկայում (10 տոկոսով), Հարավարեւելյան Ասիայում (10 տոկոսով) եւ Արեւմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7 տոկոսով)։ Մահացությունն ավելացել է Արեւմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (4 տոկոսով), բայց կրճատվել է Հարավարեւելյան Ասիայում (5 տոկոսով), Ամերիկայում (14 տոկոսով), Արեւելյան Միջերկրածովում (3 տոկոսով) եւ Աֆրիկայում (1 տոկոսով)։

Մեկ շաբաթում վարակվածների ամենամեծ թվի մասին տեղեկացրել է ԱՄՆ-ը (647 019)։ Հաջորդում են Գերմանիան (351 738), Մեծ Բրիտանիան (350 340), Ֆրանսիան (335 972) եւ Ռուսաստանը (215 283)։

Դեկտեմբերի 14-ի տվյալներով՝ աշխարհում համավարակի սկզբից գրանցվել է վարակման 270 031 622 դեպք, 5 310 502 մահացած։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 395 564-ով, մահվան ելքով դեպքերինը՝ 5 312-ով։ Ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալները ստացել է ԱՀԿ-ն, գրանցվել է ԱՄՆ-ում՝ 49 629 855։ Հաջորդում են Հնդկաստանը (34 703 644) եւ Բրազիլիան (22 167 781)։ Մահվան ելքով դեպքերի թիվն ամենից մեծն է ԱՄՆ-ում (790 920), երկրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան (616 251), երրորդը՝ Հնդկաստանը (475 888)։