Հարավաֆրիկյան Հանրապետությունում դատարանը անվավեր է ճանաչել նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի վաղաժամկետ ազատումը։ Նա պետք է վերադառնա բանտ, հայտնում է AFP-ն։

Զումայի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը «անօրինական է ճանաչվել եւ չեղյալ է հայտարարվել»,- ասվում է Գերագույն դատարանի դատավոր Էլիաս Մաթոջանի որոշման մեջ: Ժամեր անց Զումայի փաստաբանները վերանայման միջնորդություն են ներկայացրել։ Այս քայլը նշանակում է, որ Զուման չի վերադառնա բանտ, քանի դեռ բողոքարկումը չի վերանայվել:

Փաստաբաններն ասել են, որ դատարանի որոշումը «դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող պատժի է հավասար՝ առանց պացիենտի առողջական վիճակը, արժանապատվությունը եւ այլ իրավունքները պատշաճ կերպով հաշվի առնելու»:

79-ամյա Զումային դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար 15 ամսով ազատազրկել են այն բանից հետո, երբ նա հրաժարվել է կոռուպցիոն գործով քննիչներին ցուցմունք տալուց:

Նրա բանտարկությունը հանգեցրել է իր հայրենի Կվազուլու-Նատալ նահանգում բողոքի ցույցերի եւ թալանի, որոնք հուլիսին տարածվել են Յոհանեսբուրգում՝ ավելի քան 350 մարդու մահվան պատճառ դառնալով:

Ներկայիս նախագահ Սիրիլ Ռամաֆոսան անկարգությունները որակել է որպես երկիրը ապակայունացնելու ծրագրված փորձ:

Սեպտեմբերի 5-ին Զուման պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել բժշկական ցուցումներով, սակայն ստույգ պատճառները այդպես էլ չեն բացահայտվել: