Աղետներից գլոբալ ապահովագրված կորուստները 2021 թվականին կհասնեն 112 միլիարդ դոլարի, ինչն այս տարին կդարձնի չորրորդը կորուստների չափով դիտարկման ամբողջ պատմության ընթացքում:

Sigma Swiss Re ինստիտուտի տվյալներով՝ 2021 թվականին եղանակային ծայրահեղ երեւույթները, այդ թվում` սաստիկ ձմեռային սառնամանիքները, ջրհեղեղները, ուժգին ամպրոպները, ջերմային ալիքները եւ սաստիկ փոթորիկը, բնական աղետներից շուրջ 105 միլիարդ դոլարի տարեկան ապահովագրված վնասների են հանգեցրել, ինչը մեծությամբ չորրորդն է 1970 թվականից ի վեր:

Ըստ ԱՄՆ Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության՝ 2021 թվականին աշխարհում տեղի է ունեցել մոտ 200 ողբերգական իրադարձություն՝ ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր, բնապահպանական աղետներ եւ ձմեռային փոթորիկ, ինչը 11 տոկոսով ավելի շատ է ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված միջադեպերից։ Ներկայացնում ենք ամենախոշոր բնական աղետների ցանկը:

Երկրաշարժը Ճապոնիայում

Փետրվարի 13-ի գիշերը Ճապոնիայում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ։ Ստորգետնյա ցնցումները զգացվեցին երկրի 10 պրեֆեկտուրաներում։ Աղետի հետեւանքով տուժեց ավելի քան 180 մարդ։ Ավելի քան 950 հազար տուն մնաց առանց էլեկտրականության։ Մինչ այժմ իշխանությունները չեն կարող վերջնականապես հաշվել նյութական վնասը։ Նախնական հաշվարկներով` այն կարող է մի քանի տասնյակ միլիարդ դոլար կազմել:

«Ուրի» ձմեռային փոթորիկը

Փետրվարի 13-17-ը սառցե փոթորիկը, որը ոչ պաշտոնապես ստացավ  «Ուրի» անվանումը, հարվածեց ԱՄՆ-ին, Մեքսիկային եւ Կանադայի որոշ մասերին: Ավելի քան 9.9 մլն մարդ մնաց առանց էլեկտրականության։ Զոհվեց ԱՄՆ-ի 164 եւ Մեքսիկայի 12 բնակիչ։ Հյուսիսային Ամերիկայում փոթորկի հետեւանքների վնասը գնահատվել է 195 մլրդ դոլար։ Այսօր այն ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկն արժեցած բնական աղետն է:

Բնապահպանական աղետը Միջերկրական ծովում

Ձմռան վերջին տասնյակ տոննա նավթամթերք թափվեց Իսրայելի միջերկրածովյան ափի մեծ մասի վրա: Աղտոտվածության պատճառով աղետի էպիկենտրոնում գտնվող լողափերը, ձկնորսական ձեռնարկությունները փակվեցին: Ափին բազմաթիվ սատկած ծովային կենդանիներ եւ թռչուններ կային։ Աղետի հետեւանքների ամբողջական վերացումը եւ երկրի ափամերձ էկոհամակարգի վերականգնումը կարող է տասնյակ տարիներ տեւել:
Իշխանությունների տվյալներով՝ միջադեպի մեղավորն այս ընթացքում փոթորկից վնասված 9 նավերից մեկն էր։ Իսրայելի էկոհամակարգին եւ Միջերկրական ծովի ջրերին հասցված վնասի փոխհատուցումը վնասված նավի տերերին կարող է միլիոնավոր դոլարներ արժենալ։

Ջրհեղեղը Ղրիմում

Հունիսի 16-ից 18-ը Ղրիմի արեւելքում եւ հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղվեց ավելի քան 400 պետական ​​եւ մասնավոր շինություն, այդ թվում՝ 18 սոցիալապես նշանակալի շենք։ Ամենաշատը տուժել են Յալթայի եւ Կերչի բնակիչները՝ ավելի քան 2 հազար մարդ։ Ջրհեղեղի վնասը կազմել է 10 մլրդ ռուբլի (136.7 մլն դոլար)։ Այնուհետեւ իշխանությունները տուժածների համար փոխհատուցում սահմանեցին յուրաքանչյուրին 50-100 հազար ռուբլու չափով (680-1360 դոլար):

Ջրհեղեղները Եվրոպայում

Հուլիսի սկզբին «Բերնդ» ցիկլոնի պատճառով ջրհեղեղների շարք տեղի ունեցավ։ Տարերքներից ամենաշատը տուժել էր Գերմանիան։ Զոհվեց 200 մարդ, ավելի քան 170 մարդ անհետ կորավ, ավելի քան 700 մարդ` վիրավորվեց, 165 հազար բնակիչ մնաց առանց էլեկտրականության։ Վնասվեցին ճանապարհներ, երկաթուղիներ, կամուրջներ եւ այլ նշանակալի կառույցներ։ Գերմանիայի իշխանությունները նախատեսում են 400 միլիոն եվրո (470.3 միլիոն դոլար) հատկացնել աղետից տուժածներին։

Ջրհեղեղից տուժեցին նաեւ Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Չեխիան, Ավստրիան եւ Ռումինիան:
Այս պահին Եվրոպայում ջրհեղեղների վնասի մոտավոր չափը կազմում է ավելի քան 20.4 միլիարդ եվրո (23.9 միլիարդ դոլար), որից 9.3 միլիարդ եվրոն (10.9 միլիարդ դոլար) բաժին է ընկնում Գերմանիային։

Ջրհեղեղը Չինաստանում

Հուլիսին հորդառատ անձրեւները Չինաստանում սաստիկ ջրհեղեղներ առաջացրեցին։ Ամբողջությամբ հեղեղվեց Սիչուան նահանգը։ Աղետի գոտում ավելի քան 120 հազար մարդ կար։ Վնասվեցին հարյուրավոր շենքեր եւ ճանապարհներ։ Չժենչժոու քաղաքում ջրհեղեղից տուժեց ավելի քան 30 հազար մարդ, մոտ 200 հազար բնակիչ տարհանվեց անվտանգ տարածքներ։ Հենան նահանգում ջրհեղեղների հետեւանքով զոհվեց 58 մարդ, աղետի գոտուց տարհանվեց 800 հազար բնակիչ։ Տարերային աղետի վնասը տասնյակ միլիոն դոլարներ է կազմել:

Մուսոնային անձրեւները Հնդկաստանում

Հուլիսի 23-ից Հնդկաստանում մուսոնային անձրեւների պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց։ Դրանք սկսվել էին հուլիսի 18-ին եւ մի շարք ջրհեղեղներ եւ սողանքներ առաջացրել։ Ամենաշատը տուժել էին Հնդկաստանի Մումբայ, Մահարաշտրա, Գոա, Հիմաչալ Պրադեշ նահանգները։ Օգոստոսի 7-ին մայրաքաղաք Նյու Դելիում տարերային աղետի մասին տագնապ հայտարարվել։ Այս պահին հայտնի է 200 զոհվածի եւ 100 անհետ կորածի մասին։ Աղետի գոտուց ավելի քան 300 հազար մարդ տարհանվեց։ Հորդառատ անձրեւները շարունակվում են: Տնտեսական վնասը դեռ հաշվված չէ։

Անտառային հրդեհները Թուրքիայում

Հուլիսի վերջին չոր եղանակային պայմանների պատճառով Թուրքիայի հարավում անտառային հրդեհներ բռնկվեցին։ Ամենաշատը տուժել են Անթալիայի, Բոդրումի, Մարմարիսի, Մերսինի եւ Մուղլա նահանգի առողջարանային շրջանները։ Վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 16 հազար մարդ, այդ թվում՝ տեղի բնակիչներ եւ զբոսաշրջիկներ։ Աղետի հետեւանքով տուժեց 900 մարդ, 10 մարդ զոհվեց։ Հրդեհը գրեթե 160 հազար հեկտար անտառ ոչնչացրեց։ Երկրի իշխանությունները աղետի վնասի չափը 6 մլն դոլար են գնահատել։

«Դիքսի» հրդեհը ԱՄՆ-ում

«Դիքսի» բնական հրդեհը, որն սկսվեց հուլիսի 14-ին, համարվում է մեծությամբ երկրորդը Կալիֆոռնիայում դիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Բացի Կալիֆոռնիայից, հրդեհը մոլեգնել է եւս 13 նահանգներում։ Կալիֆոռնիայում տարերային աղետն անվանեցին «Դիքսի»։ Ընթացիկ տարում, փրկարարների խոսքով, Կալիֆոռնիայում եղել է մոտ 7 հազար հրդեհ, ինչի հետեւանքով այրվել է մոտ մեկ միլիոն հեկտար անտառ։

Կումբրե Վյեխայի ժայթքումը

Կումբրե Վյեխա հրաբխի ժայթքումը Պալմա կղզում սկսվել է ս.թ. սեպտեմբերի 19-ին։

Լավայի հոսքը, որն առաջ էր եկել Կումբրե Վյեխա հրաբխի ժայթքման հետեւանքով իսպանական  Պալմա կղզում (Կանարյան արշիպելագ), 82 օր շարունակ ոչնչացրեց 2 881 կառույց, մասնակի վնաս հասցվեց 158 օբյեկտի։ Կումբրե Վյեխան առաջին հրաբուխն էր Կանարյան արշիպելագում, որն ակտիվացել էր վերջին 50 տարում։

Հրաբուխը ժայթքել է՝ արձակելով  94 մլն խորանարդ մետր լավա, որը կարող էր լցնել 28 հազար օլիմպիական լողավազան։ Հրաբխից հոսող լավան ծածկել է 1 182 հեկտար մակերեսով տարածք։

Հեղեղումներ Չինաստանում

Սեպտեմբերի 27-ին ուժեղ հեղեղումներ տեղի ունեցան չինական Հենան նահանգում։ Ջրի հզոր հոսքը ճանապարհին ոչնչացրեց ամբողջական գյուղեր, ջրի տակ անցան կամ ավերվեցին մոտ երեք հազար տներ։

Ջրի մակարդակը որոշ քաղաքներում հասավ երկու մետրի։ Խափանվեցին էլեկտրամատակարարումը, բջջային կապը։ Տարածաշրջանից տարհանվեցին հազարավոր մարդիկ։

Սիչուան նահանգում անձրեւների պատճառով լեռներից սողանքներ սկսվեցին։ Ավելի քան տասը մարդ անհայտ կորել է։ Երկրի կենտրոնական մասում հորդառատ անձրեւները շարունակվել են, որոշ մարզերում տեղումները հասել են ավելի քան 120 միլիմետրի։

Մերձարեւադարձային հորդառատ անձրեւները առաջ են բերել հերթական աղետալի հեղեղումները չինական Շանսյի նահանգում։ Աշնանային տեղումները, որոնք սկսվել են հոկտեմբերի 2-ին, պաշտոնական անձանց հաղորդումներով, ամենաուժեղն էին օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Հոկտեմբերի 11-ին աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 1,7 մլն մարդ, տեղեկացվում է նաեւ 15 զոհերի մասին, եւս երեք մարդ համարվում է անհայտ կորած։

Հեղեղները ավերել են տներ եւ հանգեցրել սողանքների նահանգի ավելի քան 70 շրջաններում եւ քաղաքներում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ աղետը ոչնչացրել է 17 հազար տուն։

Արվեն փոթորիկը Բրիտանիայում

Առնվազն երեք մարդ զոհվել է Արվեն փոթորկից, որը նոյեմբերի 29-ին հորդառատ անձրեւներով եւ ձյան տեղումներով հարվածեց Մեծ Բրիտանիայի մի քանի շրջանների։ Քամու ուժգնությունը հասնում էր ժամում 160 կիլոմետրի։ Բոլոր երեք մարդիկ զոհվել էին քամուց արմատախիլ արված ծառերի տակ։

Ընդհանուր առմամբ,  հատկապես խիստ տուժել է Թագավորության հյուսիսային հատվածը, ներառյալ Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան։ Աբերդինշիրում ձյան տեղումների պատճառով արգելափակվել էր գնացքը, ուղեւորները մոտ 17 ժամ մնացել են գնացքում։

Տոռնադոներն ԱՄՆ-ում

ԱՄՆ վեց նահանգներումգրանցվել է ավելի քան 53 տոռնադո, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, շարունակվում են անհայտ կորածների որոնումները, որոնց թիվը հասնում է հարյուրների։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն էր մտցրել եւ հայտարարել, որ տոռնադոների այդ շարքն ամենամահասփյուռներից ու կործանարարներից էր ԱՄՆ պատմության մեջ։ Մի քանի քաղաքներ լիովին ավերվել են։