Իսրայելի ներկայիս վարչապետի գրասենյակի իրավախորհրդատու Շլոմիտ Բարնեա-Ֆարգոն կտրուկ նամակ է հղել նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով, որ նա վերադարձնի 31 արժեքավոր նվերները, որոնք մնացել են իր մոտ եւ չեն վերադարձվել պետությանը, ինչպես նախատեսված է օրենքով», հայտնում է «7-րդ ալիքը»։

Սա երկրորդ նմանատիպ նամակն է, որ Բարնեա-Ֆարգոն ուղարկում է Նեթանյահուին՝ համաշխարհային առաջնորդներից ստացված նվերները պետությանը վերադարձնելու պահանջով։

Առաջին նամակը, որը նա ուղարկել է Բենիամին Նեթանյահուին, հրապարակել է լրագրող Բեն Կասպիթը, եւ նախկին վարչապետն այդ ժամանակվանից պետությանը վերադարձրել է մի շարք նվերներ:

Այնուամենայնիվ, նշվում է, որ Նեթանյահուի մոտ դեռեւս կան 21 արժեքավոր նվերներ, որոնք եղել են նրա գրասենյակում, եւ եւս 10 խորհրդանշական նվերներ, որ նա ստացել է վարչապետի Բալֆուրի նստավայրի համար։

Նեթանյահուի ընտանիքի մոտ մնացած նվերների թվում, մասնավորապես, նշվում են.

• Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին Թրամփի հռչակագրի փաստաթղթերը՝ փայտե շրջանակում,

• Ռուսաստանից Աստվածաշունչը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիի նվերը, որը ներկայացվել է Սոչի Նեթանյահուի այցի ժամանակ,

• Արեւմտյան ճենապակյա մրգաման եւ թեյի բաժակների սպասք` Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի նվերը,

• Արծվի երկու ոսկեզօծ արձան՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նվերը,

• Զարդարված տուփ՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփի նվերը։

Բարնեա-Ֆարգոն պահանջում է, որ Նեթանյահուն անմիջապես վերադարձնի նվերները՝ սպառնալով հակառակ դեպքում դատի տալ։

Մինչդեռ «Լիկուդ»-ից ասել են, որ «Նեթանյահուի ընտանիքի մոտ նվերներ չկան»։