Նիդեռլանդներում սկանդալ է ծագել թագավորական ընտանիքում նահանգի ապագա թագուհու՝ արքայադուստր Ամալիայի 18-ամյակի տոնակատարության ֆոնին, գրում է The Guardian-ը։ Հրապարակման համաձայն՝ թագավոր Վիլեմ Ալեքսանդրի եւ թագուհի Մաքսիմայի ավագ դստեր ծննդյան օրն անցկացվել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար ընդունված նորմերի խախտմամբ։
Բանն այն է, որ թագավորական ընտանիքը տոնին 20-ից ավել հյուրեր էր հրավիրել, թեեւ ներկայումս Նիդեռլանդներում սահմանափակում կա, որն արգելում է թագավորության բնակիչներին չորս հոգուց ավել մարդ հյուրընկալել:
Ինչպես հայտարարել է վարչապետ Մարկ Ռյուտեն, թագավորն արդեն ափսոսանք է հայտնել տոնի կազմակերպման կապակցությամբ՝ նշելով, որ դա, այնուամենայնիվ, «վատ գաղափար էր»։ Սակայն թագավորական ընտանիքում առանձին նշել են, որ տոնակատարությունը տեղի է ունեցել բաց երկնքի տակ, բոլոր ներկաները սոցիալական հեռավորություն են պահպանել, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ինչպես նաեւ ՊՇՌ թեստեր են հանձնել:
Ընդ որում, միջոցառումն ինքնին տեղի է ունեցել թագավորությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր սահմանափակումների ներդրման ֆոնին։ Մասնավորապես, իշխանությունները որոշել են Սուրբ Ծննդյան տոներին նախակրթարանների աշակերտներին ժամանակից շուտ արձակուրդ ուղարկել։





























