Լաոսը 2022թ. հունվարի 1-ից կվերսկսի օտարերկրյա զբոսաշրջիկների՝ համավարակի պատճառով ընդհատված ընդունումը՝ պայմանով, որ նրանք պետք է ունենան COVID-19-ի դեմ պատվաստման վկայականներ։ Այս որոշումը հրապարակել է Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության վարչապետ Փհանքհամ Վիփհավանի գրասենյակը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Laotian Times-ին։
Համաձայն հրապարակված ծանուցման, կառավարությունը հաստատել է երկրի պիլոտային բացման՝ «Կանաչ գոտի Լաոս ճամփորդություն կատարելու համար» անունը կրող պլանը։ Զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել նահանգներ եւ քաղաքներ, որտեղ համաճարակաբանական իրադրությունը նպաստավոր է, եւ որոնք ճանաչված են կանաչ գոտիներ։ Այդ շրջաններում բնակչության մոտ 80 եւ սպասարկման ոլորտի աշխատակիցների 95 տոկոսը պատվաստված է լինելու COVID-19-ի դեմ։ Դրանց մեջ են նաեւ մայրաքաղաք Վյենտյանը, զբոսաշրջային ավան Վանվյենգը, հին մայրաքաղաք Լուանգփրաբանգը, ինչպես նաեւ Սիենկուանգ նահանգը, որտեղ գտնվում է Կժերի հովիտը։
Ինչպես նշվում է կառավարության գրասենյակի որոշման մեջ՝ երկիր մտնելու համար պետք է ունենալ COVID-19-ի դեմ պատվաստման վկայական եւ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, թեստը պետք է վերցված լինի ինքնաթիռ նստելուց 72 ժամ առաջ։ Լաոս հասնելուն պես զբոսաշրջիկներին կառաջարկեն տեղադրել հավելված COVID-19-ով հիվանդների հետ հնարավոր շփումներից խուսափելու համար երկրում գտնվելու ժամանակ։
Լաոսի իշխանությունները կարեւոր նշանակություն են տալիս զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այն արտարժութային մուտքերի կարեւոր աղբյուր է տեղի բյուջեի համար։ Չնայած Լաոսը դեպի ծով ելք չունի եւ զրկված է ծովային հանգստի պայմաններից, այն իր հյուրերին առաջարկում է ճանաչողական եւ էկոտուրիզմի հիանալի հնարավորություններ։ Հանրապետության տարածքում են գտնվում ավելի քան երկու հազար հետաքրքիր վայրեր եւ օբյեկտներ, որոնք սիրում են այցելել զբոսաշրջիկները։ Դրանց մեջ կան բազմաթիվ պատմական, ճարտարապետական եւ մշակութային հուշարձաններ, ազգային պարկեր՝ ջրվեժներով եւ լեռնային լճերով։ Լաոսի հին մայարքաղաք Լուանգփրաբանգը հայտնի է բազմաթիվ բուդդայական տաճարներով եւ սրբատեղիներով։


























