Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին ԱԴ ռեժիմ մտցնելու մասին խոսակցություններն ակտիվանում են։ Այս մասին ասել է թուրք պրոֆեսոր Իզեթ Օզգենչը, ով համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մտերիմը։
Օզգենչն իրարանցում է առաջացրել Twitter-ում մի շարք մեկնաբանություններ հրապարակելով։
«Մենք պետք է պատրաստ լինենք արտակարգ դրություն հայտարարելուն (համաձայն Սահմանադրության 199-րդ հոդվածի) մոտալուտ լուրջ տնտեսական դեպրեսիայի պատճառով»,-գրել է նա։
Թեեւ Օզգենչն ավելի ուշ ներողություն է խնդրել՝ նշելով, որ իր հայտարարությունը «սխալ են հասկացել», եւ որ նա պարզապես «անհանգստություն է հայտնում», սակայն ԱԴ շուրջ խոսակցությունները շարունակվում են, գրում է Bianet-ը։
Շարքային թուրքերի, ինչպես նաեւ Թուրքիայի արդյունաբերության եւ բիզնեսի համար տնտեսական իրավիճակը դարձել է աղետալի. մարդիկ հերթ են կանգնում քաղաքապետարանների կողմից բաժանվող էժան հացի համար, սպառողական ապրանքների առեւտրականները չեն ցանկանում ապրանք վաճառել գնային իրավիճակի պատճառով:
Միեւնույն ժամանակ, Էրդողանը շարունակում է իր այսպես կոչված «անկախության տնտեսական պատերազմը»՝ կոչ անելով կրճատել տոկոսադրույքները՝ չնայած գնաճին։
Ըստ տնտեսագետ Մուստաֆա Սոնմեզի՝ նույնիսկ արտակարգ դրության մասին խոսակցություններն էլ ավելի են արժեզրկել լիրան։



























