Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար, գերմանացի քաղաքական գործիչ Վոլֆգանգ Իշինգերը հանդես է եկել Արեւմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու օգտին։ Ներկայիս իրավիճակը համեմատելի չէ յոթ տարի առաջվա ճգնաժամի հետ, երբ Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը դեմ էր Կիեւին զենք մատակարարելուն, ասել է Իշինգերը՝ Reuters-ին տված հարցազրույցում։

«2014 թվականին ճիշտ էր, որ կանցլեր Մերկելը ԱՄՆ նախագահ Օբամային խնդրեց զերծ մնալ Ուկրաինային զենք մատակարարելուց»,- կարծում է քաղաքական գործիչը։ Բայց հիմա իրավիճակն այլ է, ընդգծել է նա եւ բացատրել, որ «կարճ ժամանակում երկրորդ անգամ մեծ թվով ռուս զինվորականներ գտնվում են ուկրաինական սահմանի մոտ եւ այս պայմաններում Ուկրաինային սպառազինության տեսքով ռազմական օգնության հարցը այլ տեսք ունի»:

«Եթե ուկրաինական զինված ուժերի ողջամիտ սպառազինումը կարողանա նվազեցնել ռուսական կողմի ոգեւորությունը, ապա մենք կհասնենք մեր միջանկյալ նպատակին»,- ընդգծել է Իշինգերը։ Նրա խոսքով՝ եվրոպացիներն ու ամերիկացիները կարող են երաշխավորել, որ Ուկրաինան չի սրի հակամարտությունը։

Միաժամանակ Վոլֆգանգ Իշինգերը կողմ է արտահայտվել բանակցությունների «նորմանդական ձեւաչափի» ընդլայնմանը։ «Մեզ պետք է, որ ամերիկացիները վերակազմակերպեն բանակցությունները Մինսկի համաձայնագրերի շուրջ»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ միայն Բեռլինը եւ Փարիզը ի վիճակի չեն առաջընթաց գրանցել հակամարտությունը կարգավորելու միջնորդության հարցում, փոխանցում է DW-ն։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել Ուկրաինային 300 մլն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը։ Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ Սենատը, հետեւելով Ներկայացուցիչների պալատին, ընդունեց 2022 ֆինանսական տարվա համար երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է այդ ծախսերը։