ԱԷՄԳ-ը հասանելիություն չի ունենա Քարաջի օբյեկտում նկարահանող տեսախցիկների տեսագրած տեղեկատվությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով, AEOI-ի ղեկավար Մոհամմադ Էսլամիի եւ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի միջեւ խորհրդակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԷՄԳ-ը նորից տեսախցիկներ կտեղադրի Քարաջի օբյեկտում:
Քամալվանդին հավելել է, որ տեսախցիկները նորից կտեղադրվեն այնպես, որ լուսանկարեն եւ տեսագրեն, իսկ պատկերները կպահվեն տեսախցիկների հիշողության մեջ։ Երբ հիշողությունը լցվի, դրանք կհանվեն եւ կպահվեն Իրանում մի վայրում, որը համատեղ կվերահսկվի Իրանի եւ ԱԷՄԳ-ի կողմից։
Ներկայացուցիչը այնուհետեւ ընդգծել է, որ ԱԷՄԳ-ին ոչ մի դեպքում հասանելի չեն լինի տեսախցիկների տեսագրումները: Նա նշել է, որ Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ կնքված համաձայնագիրը դուրս չի գա անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Իրանի խորհրդարանի կողմից հաստատված «Պատժամիջոցների չեղարկման եւ Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողությունների ծրագիր» անվանումը կրող օրենքով նախատեսված երաշխիքների շրջանակից:



























