ԱՄՆ-ի տասնութ դեմոկրատ օրենսդիրներ դիմել են ֆինանսների նախարարությանը եւ պետքարտուղարությանը՝ պատժամիջոցներ կիրառելու իսրայելական լրտեսող ծրագրեր արտադրող NSO Group-ի եւ մարդկանց հետեւելու համար ստեղծված ծրագրային ապահովման երեք այլ նախագծող ընկերությունների նկատմամբ:
Սենատոր Ռոն Վիդենի, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի եւ եւս 16 հոգու ստորագրած նամակում օրենսդիրները կոչ են անում ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին պատժամիջոցներ կիրառել NSO Group-ի, ԱՄԷ-ից DarkMatter Group-ի եւ ԵՄ-ից Nexa Technologies-ի ու Trovicor-ի նկատմամբ՝ «Գլոբալ Մագնիտսկու ակտ»-ի համաձայն:
Վերջինս լիազորում է ԱՄՆ նախագահին սահմանափակել ճամփորդությունները, սառեցնել ակտիվները եւ սահմանափակել առեւտրային օպերացիաները նրանց համար, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ խախտումների կամ կոռուպցիայի համար: Վարչակազմի հավանությամբ նման պատժամիջոցներ կկիրառվեն գանձապետարանի եւ պետական դեպարտամենտների կողմից։
Օրենսդիրների նամակում ասվում է, որ NSO Group-ը «ծրագրային ապահովումը տրամադրել է Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Մեքսիկային, Մարոկկոյին, Բահրեյնին եւ այլ երկրների, ինչի արդյունքում լրագրողների եւ իրավապաշտպանների սարքեր են կոտրվել»:



























