Արեւմուտքը երկու ճանապարհ ունի՝ լրջորեն վերաբերվել Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին կամ ռազմատեխնիկական այլընտրանքի հետ գործ ունենալ, ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստանը նախկինում հրապարակել էր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ պայմանագրերի նախագծեր, որոնցում ներառված են, մասնավորապես, Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների դրույթները, միմյանց հասանելիության գոտում միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ չտեղակայելու եւ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին, այդ թվում՝ նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հաշվին։
«Հիշեք, թե ինչպես էր խոսում Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտինը) եւ ասում՝ մենք բազմիցս զգուշացրել ենք, մեզ չեն լսել, իսկ հիմա լսեք, եւ մեր մշակած համակարգերի վերաբերյալ եղել է ճեպազրույց։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նրանք պետք է հասկանան սա՝ որ իրենք երկու ճանապարհ ունեն՝ նախ՝ պետք է լրջորեն վերաբերվել նրան, ինչը մենք սեղանին ենք դրել, կամ, ահա, գործ ունենալ ռազմատեխնիկական այլընտրանքի հետ»,- YouTube-ի «Սոլովյով Live» ալիքի եթերում ասել է Գրուշկոն։
Ռուսաստանը բավական տեխնիկական հնարավորություններ ունի՝ սեփական ռազմական անվտանգությունն ապահովելու համար, նշել է Ալեքսանդր Գրուշկոն։
«Բայց այն, որ մենք բավարար տեխնիկական հնարավորություններ ունենք, որպեսզի բոլոր միջոցներով հուսալիորեն ապահովենք մեր ռազմական անվտանգությունը, դա փաստ է, որը մեր գործընկերները գիտակցում են։ Որովհետեւ այն, ինչով նրանք զբաղվում են ՆԱՏՕ-ում, փորձում են չեզոքացնել մեր առավելությունները, որոնք տեսնում են»,- ասել է Գրուշկոն։



























