Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2011 թվականի առաջին կիսամյակում տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 5 եւ խաղատան 2 լիցենզիա:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ, 9 շահումով խաղի եւ 2 խաղատան լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել:
Ընթացիկ տարվա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք համապատասխանաբար 4 մլն 200 հազար եւ 809 հազար 600 դրամի չափով: 11 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 17 շահումով խաղի եւ 5 խաղատան կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Առաջին կիսամյակի տվյալների համաձայն` այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 255 մլն դրամ պետական տուրք, որից 155 մլն դրամը` շահումով խաղերի եւ 100 մլն դրամը` խաղատների գծով:
Ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 86 շահումով խաղի, 10 խաղատան եւ 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:




























