Ավագանու առաջին նիստը սովորական է անցել՝ քվեարկությունը նորմալ անցկացվեց, 14 ձայն ես ստացա, 13՝ մյուս թեկնածուն, մեկ ձայնի տարբերությամբ ես հաղթեցի, նիստը նորմալ է անցել՝ առանց լարվածության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի նորընտիր համայնքապետ, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ավագանու նիստը լարված մթնոլորտում է անցել։
«Ես անձամբ՝ որպես թեկնածու, ամեն ինչ արել եմ, որ որեւէ լարվածություն, վիրավորանք չլինի, մերոնց հատուկ զգուշացրել էի։ Իրենք մի պահ դժգոհեցին, որ ԱԺ-ից Արթուր Խաչատրյանն էր եկել («Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ – NEWS.am), որն իր լիազորությունների շրջանակում էր եկել։ Մի երկու հարց են տվել դրա մասին, այդքանը, դա էլ նորմալ եմ ընդունում»,- նշեց Իգիթյանը։
«Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները, որոնք երկուսն էլ գլխավորում են ՀՅԴ ներկայացուցիչներ, կոալիցիոն հուշագիր էին ստորագրել․ նրանք համատեղ 14 մանդատ, իսկ ՔՊ-ն, որը ձայների քանակով առաջատարն էր, 13 մանդատ։
Իգիթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՔՊ-ի կողմից կոալիցիա ձեւավորելու առաջարկ չեն ստացել, իրենք էլ նպատակահարմար չեն համարել իշխող կուսակցության հետ կոալիցիա ձեւավորել, նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել եւ պայմանավորվածություն ձեռք են բերել «Հաղթանակ» դաշինքին։



























