ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 20-ի հայտարարությունը սառը ցնցուղ էր հատկապես հայկական բիզնեսի համար, քանի որ 2022 թվականի փետրվարի 1-ից 5,5 դրամով թանկանալու է բիզնեսի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագինը, որը, անշուշտ, ուղղակիորեն կազդի Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների գների վրա, այսինքն՝ բարձր գնաճ պետք է սպասել նաև հաջորդ տարվա համար, այն դեպքում, երբ թոշակների, նպաստների և աշխատավարձերի էական աճ չի նախատեսվում։

Էլեկտրաէներգիայի հերթական թանկացման պատճառներից մեկը նշվում է, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Այսինքն՝ 10 տարիների ընթացքում հայ սպառողը տարեկան 31,76 մլն դոլար պետք է վճարի «Հրազդան-5»-ի չստացած եկամուտների համար։

Հարկ է հիշեցնել, որ հանրային դժգոհությունից խուսափելու համար գործող իշխանությունները 2021 թվականի փետրվարի 1-ից 3 դրամով բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագինը միայն բիզնեսի համար։ Այս որոշման հետևանքով բիզնեսի էլեկտրաէներգիայի ծախսերը ավելացան շուրջ 8 տոկոսով, որն էլ իր հերթին նպաստեց այս տարվա աննախադեպ բարձր գնաճին։ Նաև Էլեկտրաէներգիայի ծախսերի ավելացման պատճառով էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմեց ջրի սակագնի վերանայման համար, արդյունքում՝ ջրի սակագինը բարձրացավ 20 դրամով՝ 1 խմ համար դառնալով 200 դրամ։

Դժվար չէ կանխատեսել, թե էլեկտրաէներգիայի սակագների 5,5 դրամով կամ 12,2 տոկոսով բարձրացման հետևանքով բիզնեսը և բնակչությունը որքան մեծ կորուստներ կունենան։ Հաշվի առնելով կարճ ժամանակահատվածը (2022 թվականի փետրվարի 1-ից ուժ մեջ է մտնում)՝ հայրենական արտադրողները կամ պետք է բարձրացնեն իրենց ապրանքների ու ծառայությունների գները կամ իրենց շահույթի հաշվին վճարեն էլեկտրաէներգիայի թանկացման համար։ Երկու դեպքում էլ վնասը շատ մեծ է լինելու։ Եթե բարձրանան Հայաստանում արտադրվող ապրանքների գները, ապա ներկրողներն ուղղակի կգրավեն մեր ներքին շուկան, իսկ եթե գները թողնեն նույնը, ապա ընկերություններն օրեցօր կսնանկանան և շուկայից դուրս կմնան, ինչի հետևանքով կփակվեն հազարավոր աշխատատեղեր և պետական բյուջե  հարկերի մուտքերն էլ կպակասեն։

Արամ Աճեմյան