Վարչական դատարանը մերժել է Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած եւ ավագանու կազմում մանդատներ ստացած էր «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացրած բողոքը, որով վիճարկվում էր 21 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, քանի որ, ըստ դաշինքի, 6 ընտրատեղամասում իրենց ձայները 6-ով նվազեցվել են՝ ի օգուտ ՔՊ-ի։

Այսպիսով, թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դատարանն ուժի մեջ է թողել։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

«6 տեղամասերում իրականացնում են վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում մի քվեաթերթիկի տարբերությամբ մեկ ձայն ավելացվում է: Այնտեղ կան քվեաթերթիկներ, որոնք ի սկզբանե տեղամասային հանձնաժողովները դիտել են անվավեր՝ քվեաթերթիկներ քվեարկած ՔՊ-ի օգտին, ակնհայտ անվավեր, Ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածին հակասող, բայց վերահաշվարկի արդյունքում տարածքային հանձնաժողովը որոշում է, որ դրանք վավեր են: Առնվազն 4 քվեաթերթիկ այդպիսին էին, նույնիսկ՝ մի քվեաթերթիկը պատռված: Այնքան անվավերությունը ակնհայտ էր, որ տեղամասային հանձնաժողովը նույնիսկ պատռել էր։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ճնշում գործադրելով տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացում ամեն ինչ անում են, որ կա՛մ անցնի իր թեկնածուն, կա՛մ եթե իր թեկնածուն չի անցել, խոչընդոտել տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթացը այնպես, որ ոչ իշխանության ներկայացուցիչները չդառնան համայնքի ղեկավար. «Վարդենիսի դեպքում ակնհայտ է այս օրինակը: Ի սկզբանե 10, 5, մյուս կողմից էլ՝ ՔՊ-ն 12, ընդհանուր լինում էր 15 – 12 մանդատ, բավականին լավ բալանսավորված, և «Ահարոն Խաչատրյան» դաշինքը «Միասնական Վարդենիս»-ի հետ ուներ հուշագիր, որ իրենք համատեղ են գործելու, այսինքն՝ կար հստակ 15 մանդատ: Հիմա ի՞նչ են անում իշխանությունները: Ապօրինի վերահաշվարկի արդյունքներով մի ձայն խլում են դաշինքներից, այստեղ դառնում է 14, խլած մանդատը տալիս է ՔՊ-ին, լինում է 14-13: Նորից ոչ իշխանական ուժը ավելի բարձր է, և կարող է համայնքի ղեկավար լինել առաջին հայացքից: Ի՞նչ են անում հաջորդ քայլով: Կալանավորում են «Միասնական Վարդենիս» դաշինքի համար մեկ թեկնածուին, որ նա չկարողանա մասնակցել համայնքի ավագանու առաջին նիստին, և ձայները լինեն 13-13, չընտրվի համայնքի ղեկավար»,- դատարանի վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է  «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դաշինքը այս որոշումը բողոքարկելու հնարավորություն չունի. «Եթե մենք նույնիսկ դիմենք Սահմանադրական դատարան, միևնույնն է՝ արդեն մանդատները վերահաշվարկի արդյունքում ինչպես բաշխվել են կմնան, և տեղական ինքնակառավարումը կձևավորվի այս կերպ»: