Օրերս սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ճոխ խնջույք է կազմակերպել մանկատների տնօրենների մասնակցությամբ, հայտնում է «Ժամանակ»-ը:
«Թե որն է եղել խնջույքի բուն նպատակը, դժվար է ասել, բայց դատելով հայաստանյան ավանդույթներից, նման հավաքույթները ունենում են նախընտրական նպատակներ: Նման հավաքույթներ կազմակերպվում էին օրինակ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ընթացքում՝ երեւանյան մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Դրանց նպատակը սովորաբար լինում է առնվազն տրամադրությունները պարզելը, նաեւ որոշակի մթնոլորտ ձեւավորելը, երբ տնօրենները սկսում են հասկանալ, թե ասենք առաջիկա ընտրական շրջաններում իրենցից ինչպիսի գործողություններ են պահանջվում: Եվ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ Հայաստանի մանկատներից շատերը գտնվում են նյութական եւ ֆինանսական կարիքի մեջ, երբ մանկատների սաները ունեն թե՛ նյութական, թե՛ բարոյական խնամքի անհրաժեշտություն»:
Ըստ թերթի` «արդեն կարող ենք արձանագրել, որ վարչական ռեսուրսի օգտագործման աշխատանքները սկսվել են եւ առաջիկայում նման քեֆ ուրախություններ անկասկած էլի են լինելու, եւ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց նախարարների կամ այլ գերատեսչությունների ղեկավարների քեֆչիությամբ ձգտելու են անշուշտ գերազանցել ԲՀԿ-ին: Կոալիցիայի համար ընտրությունները տեղի են ունենալու ռեստորաններում, սեղանների շուրջ, եւ ով ավելի ճոխ ու երկար սեղան գցի, նրա ակնկալիքներն էլ ավելի շատ է արդարացնելու վարչական ռեսուրսը»:




























