Լիբանանում ԱՄՆ հյուպատոսությունում աշխատող ամերիկացի դիվանագետը ձերբակալվել է Թուրքիայում՝ սիրիացուն 10 000 դոլարով կեղծ անձնագիր վաճառելու կասկածանքով։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետն ու Սիրիայի քաղաքացին ձերբակալվել են այն բանից հետո, երբ վերջինս ենթադրաբար փորձել է դիվանագետին տրված անձնագրով Գերմանիա մեկնել։
Անվտանգության տեսախցիկի կադրերում երեւում է, որ նրանք հանդիպել են օդանավակայանում եւ փոխանակվել հագուստով: Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք ունեն տեսագրված ապացույցներ, որոնցում դիվանագետը հանձնել է դիվանագիտական անձնագիրը, որը կասկածելի է ճանաչվել անձնագրային հսկողության կողմից, հաղորդում է Reuters-ը:
Anadolu-ն հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկության ժամանակ դիվանագետի անունով անձնագրի հետ ծրարի մեջ հայտնաբերվել է 10 000 դոլար։
Միջադեպից հետո դիվանագետը ձերբակալվել է եւ շարունակում է մնալ կալանքի տակ։ Գործակալության փոխանցմամբ՝ սիրիացին ազատ է արձակվել՝ մինչեւ փաստաթղթերի կեղծման մասին գործով դատավարությունը։
Լրատվական գործակալությունը հավելել է, որ թեեւ օտարերկրյա դիվանագետները սովորաբար դատական հետապնդման անձեռնմխելիություն ունեն, նրանք ենթակա են դատական հետապնդման եւ պատժի այն երկրներում, որտեղ հավատարմագրված չեն: Քանի որ ամերիկացի դիվանագետը հավատարմագրված է եղել Լիբանանում, այլ ոչ թե Թուրքիայում, նա ենթակա է դատական հետապնդման՝ համաձայն երկրի օրենքների։





























