Փորձագետները պաշտոնապես հայտարարել են իսպանական Պալմա կղզում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) հրաբխի սեպտեմբերի 19-ին սկսված ժայթքման ավարտի մասին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կանարյան կղզիների պետական կառավարման, արդարադատության եւ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Խուլիո Պերեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ժայթքումն ավարտվել է»,- նշել է նա։ Տեսանելի հրաբխային ակտիվությունը գրեթե ամբողջությամբ դադարել էր դեռեւս դեկտեմբերի կեսերին, սակայն փորձագետները ցանկանում էին սպասել՝ համոզվելու համար, որ ժայթքումը չի վերսկսվի:
Սեպտեմբերի երկրորդ կեսին Էլ Պասո բնակավայրի տարածքում գտնվող կղզում հրաբխի ժայթքում է սկսվել։ Լավայի հոսքերն ավերել են մոտ 3000 շենք, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կղզուց մոտ 7000 մարդ է տարհանվել։ Աղետի հարվածից տնտեսական վնասը կազմում է հարյուրավոր միլիոն եվրո։ Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ժայթքման հետեւանքներից ոչ ոք չի տուժել։
Այս ժայթքումը ամենատեւականն է եղել կղզու պատմության մեջ։ Մինչ այդ ռեկորդ է գրանցվել 1585 թվականին, երբ Պալմայում ժայթքումը 84 օր է տեւել։





























