Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տիեզերք James Webb աստղադիտակի հանելը հավերժ կմնա տիեզերքի յուրացման պատմության առանցքային իրադարձություններից մեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս դեկտեմբերի 25-ը հավերժ կմնա տիեզերքի նվաճման պատմության մեջ: Բրավո մեր թիմերին [մասնագետներին] եւ հատկապես մեր ֆրանսիական եւ եվրոպական թիմերին»,- շաբաթ օրը գրել է Մակրոնը Twitter-ում:
Նա ընդգծել է, որ հպարտության զգացումով է լցված։ «Առա՛ջ, Webb»,- հավելել է Մակրոնը։
Շաբաթ օրը Ֆրանսիական Գվիանայի «Կուրու» տիեզերակայանից արձակված Ariane 5 կրիչ հրթիռը աստղադիտակը ուղեծիր է դուրս բերել: Դրանից հետո James Webb-ը չորս շաբաթվա ընթացքում կտեղափոխվի դեպի Լագրանժի երկրորդ կետ, ավելի վաղ հայտնել էր Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA): Այս կետը Երկրից չորս անգամ ավելի հեռու է, քան Լուսինը, Արեգակի հակառակ կողմում այն 1,5 միլիոն կմ հեռավորությամբ է:
James Webb-ը ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA), ESA-ի եւ Կանադական տիեզերական գործակալության (CSA) համատեղ նախագիծն է: Ամերիկյան SpaceNews ինտերնետային պորտալի տվյալներով՝ NASA-ն նախագծում ներդրել է 8,8 մլրդ դոլար, ESA-ն՝ 815 մլն, ներառյալ հրթիռի եւ արձակման արժեքը, CSA-ն՝ 165 մլն դոլար։
Աստղադիտակը, որը կոչվում է «Ապոլլոն» ծրագրի (թույլ տվեց մարդուն լինել Լուսնի վրա) ղեկավար Ջեյմս Ուեբի անունով, ուղեծրում կփոխարինի «Հաբլ» աստղադիտակին:



























