Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։ Այս մասին ասված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարությունում։
«Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։
Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։
Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերին, գործադիրի որոշմամբ արգելվեց անցած տարվա դեկտեմբերի 31-ից թուրքական ծագմամբ ապրանքներ ներկրել Հայաստան՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»։
Արգելքը սահմանվեց կես տարով։ Այնուհետև այս հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, որի ժամկետը ավարտվում է վաղը։
Ավելի քան երկու շաբաթ առաջ Էկոնոմնիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում։
Այսօր գործադիրի այս տարվա վերջին նիստն էր, և նման որոշման նախագիծ չկար, ինչը նշանակում է, որ մեկ տարի գործող արգելքը գալիք տարվա հունվարի 1-ից այլևս չի գործելու։





























