NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, հուլիսի 14-ի գիշերը կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է  Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  աշխատակից  Ստեփան Սիմոնյանը:

Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Ոստիկանության Հասարակայնության  հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«ՀՀ ոստիկանության  ներքին անվտանգության  վարչության  եւ կազմակերպված հանցավորության դեմ  պայքարի  գլխավոր վարչության  ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների շնորհիվ  ՀՀ ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր  Ստեփան Սիմոնյանը Խանջյան փողոցում  մի քաղաքացուց 500 դոլար  կաշառք վերցնելու  պահին բռնվել է  եւ բերման ենթարկվել  ԿՀԴՊ ԳՎ»,- ասել է նա:

Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ստեփան Սիմոնյանը ձերբակալվել եւ հարցաքննվել է որպես կասկածյալ: Քրեական գործով արդեն իսկ նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական գործողություններ:

Գործով նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանի ձերբակալությունը թերեւս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նշած ինքնամաքրման գործընթացի շարունակությունն է: