Աշխատավարձերը եւ աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ Լիտվայում այլեւս կանխիկ չեն տրվում: Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները, որոնց համաձայն գործատուն պետք է այդ գումարը փոխանցի աշխատողի բանկային հաշվին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր Աշխատանքի պետական տեսչությունը, կանխիկ աշխատավարձ վճարելուց հրաժարվելը պետք է նվազեցնի ստվերային բիզնեսը եւ ավելի արդյունավետ պաշտպանի աշխատողներիի շահերը։ Ըստ նախարարության՝ տնտեսության մասնավոր հատվածում հաճախ են այն դեպքերը, երբ ցուցակներում նշվում է ավելի մեծ գումար, քան վճարվում է անձին։ Այս առնչությամբ ծագող աշխատանքային վեճերը դժվար է լուծել։ Ակնկալվում է, որ աշխատավարձերի, օրապահիկների եւ գործուղումների համար բանկային փոխանցումը աշխատանքային հարաբերությունների այս հատվածն ավելի թափանցիկ կդարձնի։
Բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է հետեւեն վճարման այս ձեւին, բացի ծովային առեւտրով զբաղվող ընկերություններից, որոնց համար բացառություն է արվել։ Ծովագնացներին աշխատավարձերի վճարումը կարգավորվում է Լիտվայի առեւտրային նավատորմի մասին օրենքով։
Ինչպես նշում են նորարարության քննադատները, ստվերային բիզնեսի դեմ պայքարում քաղաքական գործիչները գյուղը առանց փողի կթողնեն։ Գյուղական վայրերում շատ խանութներում միայն կանխիկ կարելի է վճարել, իսկ բանկոմատներ չկան։ Ներկայումս հանրապետության 91 բնակավայրերում տեղադրված է 1044 բանկոմատ: Դրանք նույնիսկ որոշ փոքր քաղաքներում չկան։ Լիտվայում քաղաքի կարգավիճակով 103 բնակավայր կա։





























