Անցումը եվրոպական ստանդարտներին որոշակի փոփոխություններ մտցրեց տնտեսական գործունեության դասակարգման մեջ: Այժմ «արդյունաբերության» մեջ ներառվում է նաեւ էներգետիկան ու շինարարությունը:

Հայտնի է, որ երկրի տնտեսությունը բնութագրող ցուցանիշներից մեկը համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի կառուցվածքն է: Անցած տարի Հայաստանի ՀՆԱ-ում արդյունաբերությունը էներգետիկայի եւ շինարարության հետ կազմել է 31,8 տոկոս: Արդյունաբերության եւ էներգետիկայի տեսակարար կշիռը 14,9 տոկոս էր, շինարարությանը` 16,9 տոկոս: Սրանք պաշտոնական վիճակագրության տվյալներն են:
Գյուղատնտեսության (որսորդության, անտառային տնտեսության, ձկնորսության եւ ձկնաբուծության հետ) տեսակարար կշիռը 16,9 տոկոս էր: ՀՆԱ-ի կառուցվածում առաջին տեղում է «ծառայությունների մատուցման ոլորտը»` 41,9 տոկոս:

Այս արդյունավետ ոլորտում առանձնանում է «առեւտուր, ավտոմեքենաների, կենցաղային տեխնիկայի եւ անձնական օգտագործման առարկաների նորոգում, հյուրանոցներ եւ ռեստորաններ, տրանսպորտ եւ կապ» կետը, որի տեսակարար կշիռն անցած տարի 21 տոկոս էր:

Համեմատության համար ներկայացնենք Գերմանիայի եւ Հունաստանի համապատասխան ցուցանիշները: Առաջինը զարգացած արդյունաբերական երկիր է, իսկ երկրորդը գերազանցապես գյուղատնտեսական երկիր է, որը զգալի եկամուտ է ստանում զբոսաշրջությունից:

Գերմանիայի ՀՆԱ-ի կառուցվածքում 64,4 տոկոսը ծառայությունների ոլորտինն է: Արդյունաբերությունը 34,5 տոկոս է: Զարմանք է առաջացնում գյուղատնտեսության խորհրդանշական մասնաբաժինը` 1 տոկոս: Սակայն Գերմանիայի գյուղատնտեսությունը պետական սուբսիդավորմամբ հզոր ոլորտ է, որը գրեթե ամբողջությամբ ապահովում է երկրի պարենային պահանջարկը, միաժամանակ արտահանում է միս, կաթ եւ ցորեն: Այստեղից կարելի է ենթադրել, թե ինչ պատկառելի արժեքային բովանդակություն ունի Գերմանիայի ՀՆԱ-ի այդ 1 տոկոսը:

Հունաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում գյուղատնտեսության բաժինը 3,5 տոկոս է, իսկ արդյունաբերությանը` 23,4 տոկոս: Ծառայությունների մատուցման ոլորտի ցուցանիշը երեք տարի առաջ ցնցող էր` 73,1 տոկոս: Պատճառը հասկանալի է. Հունաստանը զբոսաշրջիկների համար ամենագրավիչ ուղղություններից մեկն է աշխարհում: Բացառիկ պատմական եւ մշակութային հուշարձանները, հանգստի համար կատարյալ կլիմայական պայմաններն այդ ցուցանիշի գրավականն են:

Նկատենք, որ Հունաստանի գյուղատնտեսությունում ներգրավված է երկրի զբաղված բնակիչների 12-13 տոկոսը (2009թ. Հայաստանում այդ ցուցանիշը 45,6 տոկոս էր): Հունաստանի գյուղատնտեսական արտադրության զգալի մասն արտահանվում է:

Հայաստանի արտահանման կառուցվածքում գյուղատնտեսությունը առաջատարների ցանկում չէ: Պետք է նշել, որ Հայաստանի արտահանման 75,4 տոկոսն ապահովում են ընդամենը 10 ապրանքային խմբերը:

Ռեկորդակիր է «պղնձի հանքանյութն ու խտանյութը»` 20,7%: Առաջին տասնյակում գյուղատնտեսությանը վերաբերում է միայն ավանդական կոնյակը, որը մյուս ոգելից խմիչքների հետ ապահովել է Հայաստանի արտահանման 9,5 տոկոսը:

Առաջին տասնյակում ոսկերչական արտադրանքի, ոսկու, հղկված ալմաստի, էլեկտրաէներգիայի, ալյումինե փայլաթիթեղի հետ դարձյալ ներկայացված է առաջնային մշակում անցած հանքանյութը:

Մեր արտահանման կառուցվածքում գերակշտում է արդյունաբերական արտադրանը, սակայն այդ կառուցվածքը բացարձակապես դիվերսիֆիկացված չէ: Չափազանց ցածր է բարձր տեխնոլոգիական արտադրանքը:
Արտահանման «ոսկե» տասնյակից հետո անցած տարի անսպասելիորեն 12-րդ տեղում հայտնվեց «կենդանի ոչխար եւ այծ» կետը ($13,3 միլիոն): Այդ «նվաճմանը» զգալիորեն նպաստել էր գյուղատնտեսության նախկին նախարարի «գործունեությունը»:

Դոլարային արտահայտությամբ անցած տարի Հայաստանի արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալը կազմել է $2206 միլիոն, կամ բնակչության մեկ շնչին տարեկան միջինը $676: Հանքարդյունաբերության եւ վերամշակող ոլորտի ընդհանուր ծավալը  83,8% է, իսկ մնացած 16,2%-ը էլեկտրաէներգիայի արտադրությունն ու առաքումն էր եւ գազի ու ջրի մատակարարումը:

Արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալում վերամշակող արդյունաբերության բաժինն անցած տարվա տվյալներով 66,1% է: 33,7%-ը բաժին է հասնում պարենային խմբին, այդ թվում ոգելից խմիչքներ եւ ծխախոտ:

Դոլարային արտահայտությամբ պարենային խմբի ընդհանուր ծավալն ացած տարի հասել է $744 միլիոնի: Համեմատության համար նշենք, որ 2010-ին տեքստիլի եւ հագուստի արտադրության ծավալն ընդամենը $10 միլիոն էր: Հիշեցնենք, որ խորհրդային անցյալում արտահանման համար նախատեսված թեթեւարդյունաբերական արտադրանքի ծավալը հասնում էր 1 միլիարդ ռուբլու:

Վերամշակող արդյունաբերությունում դինամիկ զարգանում են հանքանյութի մշակման եւ պատրաստի սննդամթերի արտադրության ոլորտները: Անկում է նկատվում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրությունում:

Կարելի է հետեւություն անել, որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար ապագայում կմեծանա: