SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառյության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու հունվարի 4-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-ից։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, աճյունը ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։

Հայրապետովը մահացել է հունվարի 1-ին՝ Երեւանի «Երազ» թաղամասի իր բնակարանում։ Armlur.am-ի տեղեկություններով՝ նա այդ օրն առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապօգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։

Ըստ նախնական վարկածի՝ նա սրտի կաթված է ստացել։

Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 

Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։ 

Նշենք, որ Գրիգորի Հայրապետովն աշխատանքից ազատվել էր այն ժամանակ, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասուլիս էր տվել եւ խոսել Փաշինյանի ու Ալիեւի՝ Դուշանբեի վերելակային բանակցությունների մասին, որին ներկա էր եղել նաեւ Գրիգորի Հայրապետովը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Դուշանբեում հանդիպում էր ունեցել։ Հրապարակված տեսանյութերում երեւում էր, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը, Ալիեւը, Գրիգորի Հայրապետովն ու եւս երկու օտարերկրացի դուրս գալիս վերելակից։

Հանդիպումից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ էր ներկայացրել Ալիեւի հետ ունեցած քննարկումների մասին եւ հայտնել, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։