ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանը գիտի եւ չի էլ հերքում, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ գրանցվում են, սակայն խնդրում է կեղծված ընտրությունները տարբերակել ընտրություններ ժամանակ գրանցված կեղծիքներից։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ հուլիսի 15-ին կայացած հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների թվի կրճատմանը, ապա դրա լավագույն ճանապարհը ընտրություններին քաղաքացիների հնարավորինս ակտիվ մասնակցությունն է։ Կեղծիքները բացառվում են ընտրությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխելու միջոցով։
Կեղծիքներ, իհարկե, կարող են լինել, սակայն կարեւորը դրանց բացահայտումն է։ Ես չեմ ասում, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ ընդհանրապես չեն լինում։ Եթե կլինի մեկն, ով կբացառի ընտրակեղծիքները, հաճույքով տեղս կզիջեմ նրան»,- նշեց Ազարյանը՝ միաժամանակ նկատելով, որ ընտրությունների ժամանակ գրանցված կեղծումների մեջ մեղավորություն ունեն բոլորը՝ սկսած ԿԸՀ նախագահից մինչեւ վերջին ընտրողը։
Ազարյանն անդրադարձավ նաեւ ընտրակաշառքների թեմային եւ քաղաքացիներին խորհուրդ տվեց գիտակցել, որ քվեաթերթիկն անգին է, որոշում է երկրի եւ անձամբ տվյալ անձի՝ առաջիկա մի քանի տարիների կյանքը, եւ այդ է պատճառ, որ սեփական ձայնը չի կարելի 5000 դրամով վաճառել։
Ամփոփելով՝ ԿԸՀ նախագահը համոզմունք հայտնեց, որ միշտ էլ կարելի է ձեռնարկել քայլեր, որոնք կնվազեցնեն ընտրակեղծիքների քանակը։ «Մանավանդ նման հնարավորություն ստեղծում է նոր, հեղափոխական ընտրական այս օրենսգիրքը»,- ասաց նա։
Նշենք, որ Գարեգին Ազարյանը ԿԸՀ նախագահ ընտրվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 14-ին գումարած առաջին նիստում։




























