«Յունիբանկը» 1-2 տոկոսային կետով իջեցրել է փոքր բիզնեսի համար նախատեսված UNI-EXPRESS  եւ UNI-MICRO վարկատեսակների տարեկան տոկոսադրույքները: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից:

UNI-EXPRESS վարկի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 19-22 տոկոս, ԱՄՆ դոլարի դեպքում` 17-20 տոկոս, իսկ եվրոյի դեպքում` 16-19 տոկոս: UNI-MICRO վարկի գծով սահմանվել են հետեւյալ տոկոսադրույքները` տարեկան 18-21 տոկոս, եթե վարկը տրամադրվում է դրամով, 17-20 տոկոս եւ 16-19 տոկոս, եթե վարկը տրամադրվում է համապատասխանաբար դոլարով եւ եվրոյով:

UNI-EXPRESS  վարկի գումարը կազմում է մինչեւ 3.5 մլն դրամ, իսկ UNI-MICRO վարկի գումարը` 3.5-6 մլն դրամ: Բանկը նվազեցրել է նաեւ միջնորդավճարի չափը` այն սահմանելով  1 տոկոս: Վարկային միջոցները տրամադրվում են առավելագույնը 48 ամիս ժամկետով` արտադրության, առեւտրի կամ ծառայությունների մատուցման ոլորտներում ոչ պակաս, քան 3 ամիս գործունեություն ծավալած ձեռնարկություններին կամ անհատ ձեռներեցներին:

UNI-EXPRESS վարկի հիմնական առանձնահատկությունն այն է, որ Բանկը պարտադիր գրավ չի պահանջում,  ներկայացվում է միայն իրավաբանական կամ  ֆիզիկական անձի երկու երաշխավորություն: UNI-MICRO վարկի համար գրավի լիկվիդային արժեքը կարող է կազմել վարկի գումարի 50 տոկոսը:

«Անցած տարվա արդյունքներով «Յունիբանկը» գրեթե կրկնապատկել է բիզնես-վարկերի քանակը, զգալի աճ ենք ակնկալում նաեւ այս տարի»,- ասել է «Յունիբանկի» վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը:  

2011թ. առաջին կիսամյակի արդյունքներով, բիզնես-վարկերի քանակն ավելացել է գրեթե 1.5 անգամ: