Մեծ Բրիտանիայում կերակրող մայրերին առանց նրանց համաձայնության լուսանկարող կամ տեսանկարահանող մարդիկ կարող են հայտնվել ճաղերի հետեւում՝ օրենսդրության փոփոխության պլաններին  համապատասխան, տեղեկացնում է PA Media-ն։

Բացի այդ, ընտանեկան բռնության զոհերին ավելի շատ ժամանակ կհատկացվի ոստիկանություն դիմելու համար՝ ոստիկանության, հանցագործության համար պատիժների մասին օրինագծի փոփոխությունների շրջանակում։

Երկրի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Անգլիայում եւ Ուելսում «կերակրող մայրերին առանց նրանց համաձայնության լուսանկարելը եւ տեսանկրահանելը» կորակվի վուայերիզմի դրսեւորում եւ կպատժվի երկու տարի ազատազրկմամբ։

Խոսքն այն իրավիճակների մասին է, «երբ մոտիվը սեռական բավարարվածություն ստանալն է կամ նվաստացնելը, տառապանք պատճառելը կամ տագնապեցնելը»,- նշվում է նախարարության հայտարարությունում։

Օրինագիծը վերանայելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ խորհրդարանի լեյբորիստ պատգամավոր Սթելա Քրիզին հանդես է եկել համապատասխան իրավական բարեփոխումների օգտին. նրան նկարել էին երեխային կրծքով կերակրելիս հանրային տրանսպորտում։

Արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ «ոչ մի երիտասարդ մայր չպետք է ենթարկվի նման ոտնձգությունների»։

«Մենք ձգտում ենք անել հնարավոր ամեն բան կանանց պաշտպանության համար, որպեսզի նրանք իրենց անվտանգ զգան եւ ավելի շատ վստահեն արդարադատության համակարգին»,- ավելացրել է նախարարը։

«Հատուկ հանցակազմի ստեղծումը «ոստիկանությանը եւ դատախազներին հստակություն եւ լիազորություններ է տալիս, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մեղավորները կանգնեն դատարանի առջեւ», ավելացրել են արդարադատության նախարարությունում։