Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւում կանգնած անձինք չեն կարող անվտանգության մեջ գտնվել։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Քաանին, հաղորդում է Tasnim-ը։

Հրամանատարը նշել է, որ Իրանը երբեք չի մոռանա գեներալ Սուլեյմանիի եւ նրա ընկերների նահատակությունը՝ հավելելով, որ Իրանը գիտի գեներալի նպատակային սպանության հետեւում կանգնածներին, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ 

«Հանցագործ Թրամփը եւ նրա հանցակիցները, ինչպիսին Պոմպեոն է, մեզ քաջ հայտնի են։ Նահատակ Սուլեյմանին բազմիցս նվաստացրել է Պոմպեոյին տարածաշրջանում, եւ նրանք կարծում էին, որ հաղթել են նրան սպանելով: Նրանք երբեք անվտանգության մեջ չեն գտնվի»,- ասել է Քաանին։

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը յուրովի վրեժխնդիր է լինելու գեներալ Սուլեյմանիի սպանության համար՝ Իրանի բարձրաստիճան զինվորականը նշել է Իրաքում հակավաշինգտոնյան տրամադրությունների աճը եւ ասել, որ Թեհրանը ձգտում է դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից, սակայն հասել է ավելիին, երբ Իրաքը փաստացիորեն վտարեց ամերիկյան զորքերը: