«Աերոֆլոտ» ավիաընկերությունը չի չեղարկում Ղազախստանի չվերթները, իսկ Նուր Սուլթանի եւ Ալմաթիի օդանավակայաններն աշխատում են ըստ չվացուցակի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով  ավիացիոն ճյուղի աղբյուրին։

«Աերոֆլոտը» ոչինչ չի չեղարկել։ Աստանայի եւ Ալմաթիի օդանավակայաններն աշխատում են չվացուցակով»,- ասել է նա։

«Աերոֆլոտն» ամեն օր Մոսկվայից մեկական չվերթ է կատարում Նուր Սուլթան (Աստանա) եւ Ալմաթի։

Ցույցերը Ղազախստանում սկսվել են հունվարի 2-ին Մանգիսթաուի մարզի (երկրի հարավ-արեւմուտք) Ժանաոզեն եւ Աքթաու քաղաքներում, որտեղ բնակիչները բողոքում էին վառելիքի բարձր գների դեմ։ Երկու օր հետո անկարգություններ բռնկվեցին Ալմաթիում (հարավ-արեւելք), որտեղ ամբոխին ցրելու համար ոստիկանությունը կիրառեց լուսաաղմկային նռնակներ, ինչպես նաեւ այլ քաղաքներում, մասնավորապես Աթիրաուում, Աքթոբում (արեւմուտք), Ուրալսկում (հյուսիս-արեւմուտք), Թարազում, Շիմքենտում եւ Կըզըլորդում (հարավ), Կարագանդայում (հյուսիս-արեւելք) եւ Նուր Սուլթանում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրություն է մտցրել Մանգիսթաուի եւ Ալմաթիի մարզերում, ինչպես նաեւ Ալմաթիում։ Հունվարի 5-ին պետության ղեկավարն ընդունեց կառավարության հրաժարականը։ Նրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները՝ մինչեւ նոր կառավարության կազմի հաստատումը։