Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար եւ քաղաքի պարետ Քանաթ Թայմերդենովը հայտնել է հունվարի 5-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վնասի եւ վիրավորների մասին, գրում է Tengrinews.kz-ն։
Պարետի խոսքով՝ քաղաքում՝ չնայած արտակարգ դրությանը եւ պարետային ժամին, հունվարի 5-ի գիշերն ակտիվացել են ծայրահեղական խմբավորումները։ Արդյունքում այրվել է 120 մեքենա, այդ թվում՝ 33 շտապօգնության եւ հրշեջ մեքենա։ Վնասվել է 120 խանութ եւ առեւտրի օբյեկտ, 180 սննդի օբյեկտ, մոտ 100 գրասենյակ։
Ծեծի է ենթարկվել 500 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 130 կին եւ տարեց։
«Այսօր քաղաքը ենթարկվել է ծայրահեղականների եւ արմատականների նոր հարձակումների։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքաբնակների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Փողոց դուրս եկածներին կոչ ենք անում ցրվել. Մեր հիմնական նպատակն է կանխել բռնության եւ արմատականության էսկալացիայի հետագա աճը»,-ասել է պարետը։
Քաղաքի պարետը կոչ է արել բնակիչներին մնալ տանը, չտրվել խուճապին ու սադրանքներին, առաջնորդվել պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկություններով։ Արտակարգ դրության պահանջների խախտման համար պատասխանատվություն է նախատեսվում Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։





























