Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ։ Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 6-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Ղազախստանի դեսպանատունը Տաշքենդում:

Չորեքշաբթի՝ հունվարի 5-ին, անկարգությունների պատճառով Ղազախստանի բոլոր շրջաններում արտակարգ դրություն էր մտցվել։ Սահմանափակումների թվում են պարետային ժամը`  23:00-ից 7:00-ն, պարետատան ստեղծումը` ոստիկանապետերի գլխավորությամբ, հանրային միջոցառումների արգելումը, ազատ տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների։