Բոլոր 3 ուժերը նախաձեռնություն են ունեցել համատեղ կառավարելու , ընդհուպ մինչեւ կառավարման 5-ամյա ժամկետը կիսել միմյանց միջեւ: Այս մասին այսօր` հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամը:
«Մենք չենք ձգտում միանձնյա իշխանության, ես չեմ կարող ամբողջությամբ բացել փակագծերը, ինձ իրավունք չեմ վերապահում տվյալ բանակցությունները հանրայնացնելու մասով, բայց կարող եմ ֆիքսել մի բան, որ բոլոր 3 ուժերը նախաեռնություն են ունեցել համատեղ կառավարելու , ընդհուպ մինչեւ կառավարման 5-ամյա ժամկետը կիսել միմյանց միջեւ, սակայն երբ գրեթե ունեինք ձեռք բերված պայմանավորվածություն, ինչ-որ պահի անջրպետ առաջացավ եւ մենք չկարողացանք գալ ընդհանուր կոնսենսուսի»,-ասաց Սարիբեկյանը:
Նա նշեց, որ իրենք ուզում էին օրինակելի համայնք դառնալ, սակայն այս անգամ էլ քաղաքականությունը հաղթեց եւ չկարողացան համաձայնության գալ:
«Դա օգուտ կլիներ առաջինը մեր ժողովրդի, երկրի համար, ժողովուրդն արդեն հոգնել է այս իրավիճակից եւ ամենաարատավորը, որ Փարաքարի այս դեպքերը հեռարձակվում են թշնամական երկրում, սա չի բխում մեր երկրի անվտանգության շահերից եւ մենք պատրաստ էինք գնալ ամեն տեսակ զիջումների, որ այս իրավիճակը հարթվի»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր Փարաքարում համայնքապետ ընտրվեց Դավիթ Մինասյանը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները:





























